
Սոս Գիմիշյանը Րաֆֆի Հովհաննիսյանից սպասելիքներ չունի

«Որտեղ ժողովուրդս՝ այնտեղ ես: Դա շատ կարևոր բան է, որ քաղաքական գործիչները լինեն այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Դա առաջինը: Երկրորդը՝ ուզում եմ հասկանալ՝ այս մի թեկնածուն, որին ժողովուրդը բավականին ձայներ է տվել, ինչքանո՞վ կարող է մեր պետության պայմաններում ներկայացնել ժողովրդի շահերը»,- երեկ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ՀՔԴՄ նախագահ Սոս Գիմիշյանը, ով երեկ Ազատության հրապարակում ներկա էր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հրապարակային ասուլիսին:
Հիշեցնենք, որ Սոս Գիմիշյանի ղեկարած կուսակցությունը պաշտոնապես սատարում էր նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Սոս Գիմիշյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի փոշմանել իր որոշման համար: «Անկախ արդյունքից՝ չեմ փոշմանել, որ Հրանտ Բագրատյանին եմ պաշտպանել, և իր անցկացրած նախընտրական քարոզարշավով, և արդյունքով, ինձ լավ եմ զգում»,- ասաց նա:
Սոս Գիմիշյանը, ով երեկ Ազատության հրապարակ էր եկել` ներկա գտնվելու Րաֆֆի Հովհաննիսյանի «միջոցառմանը», սակայն պարզվեց` նաև որևէ ակնկալիք չունի նրանից:
«Ես չեմ պատկերացնում, որ ինքն էնպիսի քայլերի դիմի, որն, ի վերջո, ինչ-որ արդյունք բերի: Չեմ տեսնում, չեմ էլ սպասում»,- ասաց Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ իր այցը Ազատության հրապարակ չի նշանակում, թե ինքն աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եկել եմ պարզապես ինֆորմացվելու»,- ասաց նա:
Հարցին, թե այսօր նորից կգա՞ք հանրահավաքի, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Վաղը չի լինելու հանրահավաք, էսօր վերջինն էր, հստակ կարող եմ ասել: Ես գոնե իմ սրտի մեջ պիտի հավատամ, որ սա մի գործ է, որը կարող է արդյունք տալ: Եթե պայքար լինի, ցանկացած պայքար իմաստ ունի, կաթիլ-կաթիլ կարող է արդյունք տալ, բայց ես չեմ կարող զբաղվել մի բանով, որտեղից սպասելիք չունեմ»: