Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին. Դավիթ Հարությունյանը դրանում համոզված է
Կան նախատեսված մեխանիզմներ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վիճարկի ընտրությունների արդյունքները, ապա մեր օրենսդրությունը պարունակում է դրա վերաբերյալ լուծումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ առաջնորդ, նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր հանրահավաքում արած հայտարարությանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա Դավիթ Հարությունյանն ասել է, որ դրանք տեղի են ունենում Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, ամեն ինչ շատ պարզ է «Այստեղ եւս ավելացնելու բան չունեմ»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու կոչին` շտաբի պետի տեղակալը նշել է, որ կարծում է եւ համոզված է, որ չի հանդիպի Սերժ Սարգսյանը: «Այն ձեւով, որով հարցադրումը ներկայացրել է պարոն Հովհաննիսյանը, կարծում եմ, որ ոչ, համոզված եմ, որ ոչ»,- ասել է Դավիթ Հարությունյանը` ի պատասխան այն հարցին, թե կհանդիպի Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե` ոչ:
Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ վաղը ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը երեկ տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:
Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, 1988 տեղամասերի քվեաթերթիկների հաշվման արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել էր 58,64 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 36,75 տոկոս: Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը: