Րաֆֆուց թագավոր չսպասե´ք. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սպասում է մինչ վաղը, որ իր հիմնական մրցակից, գործող և նախնական տվյալներով արդեն վերընտրված Սերժ Սարգսյանը կընդունի իր և ժողովրդի հաղթանակը և կշնորհավորի իրեն, սական այս անգամ ևս օգտագործեց «նա մեծ ավանդ ունի» արտահայտությունը, ինչի հավաքված բազմաքանակ բազմությունը չհամաձայնեց, իսկ շատերը բացականչեցին. «չունի´, ոչ մի բան էլ չի արել»:
«Դուք կարող եք ընդդիմադիր լինել ինձ նման, բայց պիտի հարգենք թե´ Տեր-Պետրոսյանին, թե´ Քոչարյանին, թե´ Սարգսյանին: Ամեն մեկն իր սխալն ունի և ամեն մեկն իր պատասխանը պիտի տա»,-շարունակեց նա,-«Բայց դա չի նշանակում, որ մենք չունենք այդ ինքնավստահությունը, քաղաքացիությունը, սահմանադրական իրավունքը նաև գնահատելու: Ես երեկ կոչ արեցի, որ ինքը դառնա 20 տարվա ընթացքում առաջին նախագահը, ով ունի այնքան ներուժ, ողնաշար, բարոյականություն` ընդունելու ժողովրդի հաղթանակը: Ցավոք սրտի, նա չկարողացավ դա անել: Ուշ չէ…Ես առաջարկում եմ պարոն Սարգսյանին հրապարակային հանդիպման, թե մասնավոր, ինձ հետ հանդիպել և միասին կազմակերպել իշխանության փոխանցումը Հայաստանի ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որին հաջորդեցին քաղաքացիների բուռն ծափահարությունները և վանկարկումները` «Րաֆֆի, նախագա´հ»:
«Ես ուզում եմ սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը և վաղը մինչև ժամը 5-ը ընդունել իր շնորհավորանքը Հայաստանի ժողովրդի հաղթանակի առնչությամբ»,- ավելացրեց «Ժառանգության» ղեկավարը:
Այդ պահին բազմությունից մեկը բացականչեց` «Րաֆֆի, թագավոր»:
«Թագավոր չկա´, Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը, մեր ազգային շահը և մեր պետության ինքնիշխանությունն է թագավորը: Րաֆֆուց թագավոր չսպասե´ք, ես ձեր թագավորը երբե´ք չեմ լինելու»,- ի պատասխան ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Շարունակելով նա ասաց, որ չի քննադատելու որևէ մեկին և ողջունելու է բոլորին, բոլոր կուսակցություններին` մասնակցող, թե չմասնակցող: «Այսօրվա հաղթանակն ապահովող Հայաստանի շարքային քաղաքացիները ոչ միայն «Ժառանգությունից» էին, «Ժառանգությունից» ևս կային դավաճաններ, և իրենք պիտի պատասխան տան, կային ՀԱԿ-ից, Դաշնակցությունից, Բարգավաճից և անգամ Հանրապետականից, ամեն մեկը պատասխան է տալու»,- շեշտեց նա: