
Դատախազությունը հարուցել է հերթական քրեական գործը

Արարատի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ կազմվել արձանագրություն։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով։ Ս.Տռուզյանի փոխանցմամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը օպերատիվ ձեռնարկել միջոցներ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած տիկնոջը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաեւ պարզել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես, թե ինչպես է այլ անձի անձնագրով ներկայացած քաղաքացուն տրվել քվեաթերթիկ։
Այսպիսով, քվեարկության օրը մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ արդեն հարուցվել է 3 քրեական գործ։
«Փաստինֆո»