Ոստիկանությունում քննարկվել ու քննարկման փուլում է 96 դեպք
– Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք, որից 63-ը` ընտրակաշառքի, 16-ը` քարոզարշավը խոչընդոտելու, 12-ը` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը` զրպարտչական տեղեկություններ տարածելու, 3-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելու, և 1-ը` քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն կատարելու վերաբերյալ,- այսօր ՀՀ ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց ոստիկանության շտաբի պետ, գեներալ- մայոր Վարդան Եղիազարյանը:
Ըստ շտաբի պետի, հիշյալ 96 դեպքից 45-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել նախագահի թեկնածու Հովհաննիսյանի, երկուական` Հայրիկյանի և Բագրատյանի, մեկական` Հարությունյանի և Սարգսյանի նախընտրական շտաբներից, 43 ահազանգ ստացվել է քաղաքացիներից` լրատվամիջոցներով, հեռախոսակապով կամ այլ կերպ, որոնցից 30-նն իրենց տվյալները չեն հայտնել, իսկ 2 դեպք հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
– Ստացված ահազանգերի որոշ մասը եղել է անհասցե և անփաստարկ, այնուամենայնիվ, բոլորով կազմակերպվել են համապատասխան գործողություններ, ստուգումներ են իրականացվել, ստեղծվում են նյութեր, և կտրվի դրանց իրավական գնահատականը, կլուծվի դրանց ընթացքը,- ասաց Վարդան Եղիազարյանը:- Հարկ է նշել, որ մի շարք դեպքերում հայտարարություն կամ տեղեկատվություն տրամադրող աղբյուրները հրաժարվել են լրացուցիչ տեղեկատվություն տալուց, ինչը, իհարկե, բարդություններ է առաջացրել ոստիկանության աշխատակիցների աշխատանքներում, սակայն մենք ավելի մանրաքնին ենք վերաբերվում ընտրության հետ կապված այս բոլոր միջադեպերին, դրանց նախաքննության և հետաքննության նյութերը կազմելիս` ավելի խորացված, և գնահատականները տրվում են ավելի լուրջ հիմքեր ստեղծելով:
Շտաբի պետի տեղեկացմամբ՝ նշված 96 դեպքից ստուգման ենթակա տեղեկատվությամբ նախապատրաստվել է 10 նյութ, սակայն դրանց անհիմն լինելու պատճառով, եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 30 դեպքում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից 28-ը` հանցադեպի, իսկ 2-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
– 56 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են համապատասխան նյութեր, որոնցից մեկ դեպք ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, մեկ դեպքում էլ նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն` ենթակայության հարցը լուծելու համար,- ասաց Վ. Եղիազարյանը:
«Փաստինֆո»