«Նոր թեկնածուն՝ հին ծուղակում». Վազգեն Մանուկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընտրությունների մասին
ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ «Անկախը» զրուցել է ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
– Պարոն Մանուկյան, տեղի ունեցավ ևս մեկ համապետական ընտրություն. ի՞նչն էր Ձեզ համար այս ընտրություններում անսպասելի:
– Դեռևս այն ժամանակ, երբ հայտնի չէին ընդդիմադիր թեկնածուները, ակնհայտ էր, որ նրանցից մեկը 20-25 տոկոս կհավաքի: Դա էր ցույց տալիս ամբողջ նախորդ նախագահական ընտրությունների տրամաբանությունը: Երբ որ թեկնածուների ցուցակը հստակ դարձավ, հասկանալի էր, որ այդ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ նա այնքան ձայն կհավաքի, որքան հավաքեց, որովհետև նա ուներ բավականին փոքր թիմ, և նույնիսկ ընդդիմադիր շատ հատվածներ նրան ավելի շատ խանգարում էին, քան օգնում: Ի պատիվ իրեն՝ պետք է ասել, որ դա նրան հաջողվեց: Սա ցույց է տալիս երկու բան. առաջինը, որ նա ճիշտ էր կազմակերպել նախընտրական քարոզչությունը և երկրորդ՝ դժգոհությունն իշխանություններից շատ ավելին էր, քան կարելի էր պատկերացնել: Այս առումով սա ահազանգ է իշխանություններին, և Սերժ Սարգսյանը պետք է հաշվի նստի այս արդյունքների հետ:
Երկրորդ անսպասելի բանն այն էր, որ բոլորը՝ նույնիսկ եվրոպական կառույցները, հայտարարում էին, թե այս ընտրությունների թերությունը ոչ մրցակցային լինելն է, ինչով խիստ վիրավորանք էին հասցնում մյուս թեկնածուներին: Կյանքը ցույց տվեց, որ իրենք սխալ էին: Ի դեպ, չնայած այդ հայտարարություններին և այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանն ուներ բոլոր լծակները, նա ընտրություններին վերաբերեց՝ որպես հզոր հակառակորդների հետ պայքարի և նախընտրական քարոզչության ողջ ընթացքում աշխատանքային լուրջ ջանքեր ներդրեց՝ այցելելով հանրապետության բոլոր շրջաններ, հանդիպումներ ունենալով ընտրողների հետ և այլն:
– Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր կձեռնարկի Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես հայտնվել է որոշակի ծուղակում: Այլ կերպ ասած՝ նոր թեկնածուն հայտնվել է հին ծուղակում: Հիմա նա ունի երկու ճանապարհ՝ հայտարարել, որ չնայած իր կարծիքով տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, բայց ինքն ընդունում է ընտրությունների արդյունքները և չի բողոքարկում: Դրանով նոր էջ կբացվի երրորդ հանրապետության պատմության մեջ՝ նոր հնարավորություններ ընձեռելով հասարակությանը: Բայց այդ դեպքում հասարակության զգալի մասը նրան ծախված կհամարի, ինչն արդեն նրա համար խնդիրներ կառաջացնի: Դա անելը դժվար է նաև այլ պատճառով. նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակում հայտնված թեկնածուն և իր թիմը անկեղծորն հավատում են, որ հաղթել են:
Երկրորդը տարբերակը սովորական ճանապարհով գնալն է, որով գնում են բոլորը ընտրություններից հետո՝ հանրահավաքներ կազմակերպել, հայտարարել, որ հաղթել են, բայց հաղթանակը տվել են իշխանություններին, բողոքարկել միջազգային կառույցներին և այլն: Չեմ կարծում, որ ընդհարումներ լինեն, որովհետև այս պահին լարվածություն կարծես թե չի նկատվում (իշխանությունների որակն էլ է փոխվել): Եվ ահա այդ ամենն աստիճանաբար կմարի, ու կունենանք այն, ինչ ունեցել ենք բոլոր ընտրություններից հետո: Որոշողն, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն է, տեսնենք՝ ինչ կլինի:
– Ընտրությունների արդյունքներն ընդդիմադիր քաղաքական դաշտում ի՞նչ վերադասավորումներ կառաջացնեն:
– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա ստանդարտ ճանապարհով, հայտարարի, որ հաղթել է և տեր է կանգնելու իր օգտին քվեարկած ժողովրդի ձայներին՝ ժողովրդի մոտ առաջացնելով սպասումներ, որոնք չի կարողանալու արդարացնել, կամաց-կամաց այդ ամենը կմաշվի-կգնա: Ամեն նախագահական ընտրություններից հետո ինչ որ մեկը դառնում է ընդդիմության լիդեր, որն իր վրա վերցնում է այն խնդիրները, որոնք լուծելի չեն: Այդ լիդերից սպասում են այն, ինչ ինքն անել չի կարող, և աստիճանաբար առաջանում է հիասթափություն: Հետո նրան գալիս է փոխարինելու մեկ ուրիշը: Մյուս ճանապարհը՝ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունի ընտրության արդյունքները և կարողանա իր շուրջ համախմբել ընդդիմությանը, դեռ ստուգված չի, և չեմ կարող ասել՝ ինչ կառաջացնի ընդդիմադիր դաշտում:
– Արդյո՞ք այս ընտրություններն ուրվագծում են, որ հաջորդ նախագահական ընտրություններում նախագահական աթոռը զբաղեցնելու է նոր քաղաքական թիմի ներկայացուցիչ:
– Նախ դեռևս անորոշություն կա առաջիկա դեպքերի մեջ: Մի բան կարող եմ հստակ ասել, ինչի մասին հայտարարել եմ նաև մինչև այս ընտրությունները. մի ինչ որ պատմական ցիկլ, որը սկսվել է իննսունական թվականներին, ավարտվում է այս ընտրություններով, և սկսվում է նորը: Սա իհարկե հարյուր տոկոսով ապացուցել չեմ կարող, սա ավելի շուտ իմ ներքին տրամաբանությունն ու ինտուիցիան է: Իսկ թե ներկա քաղաքական գործիչներից կամ ուժերից ով ինչ տեղ կզբաղեցնի այդ նոր ցիկլում, չեմ կարող ասել, դա պատմությունը ցույց կտա:
– Պարոն Մանուկյան, Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ:
– Կային ժամանակներ, երբ Հայաստանում ընտրությունները հարյուր տոկոսով կեղծվում էին, և հնարավոր չէ, որ մեկ էլ մի օրում հարյուր տոկոսով մաքուր անցնեն: Այսինքն, պետք է գնահատել՝ առաջընթաց կա՞ թե ոչ: Այդ տեսակետից, որքան ես կարողանում եմ դատել՝ խոսելով իմ ծանոթների, կուսակցության անդամների հետ, կարդալով թերթերը, այս ընտրությունները շատ ավելի մաքուր էին, քան նախորդները: Ճիշտ է՝ խախտումներ եղան, բայց տպավորությունն այն է, որ դրանք վճռորոշ չէին: Շատ մշակված մեթոդներ կային քվեարկության արդյունքներն այս կամ այն կողմ տեղափոխելու, բայց ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ համենայնդեպս այդ լծակներով պայմանավորված չէր ընտրությունների ելքը: Կարող ենք վերցնել որոշ մարզեր, քաղաքներ, ընտրատեղամասեր և համեմատել, թե նախորդ ժամանակներում ի՞նչ լծակներ էին կիրառվում ընտրությունների վրա ազդելու:
Ի դեպ, պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական ողջ գործընթացում մի բանով իրար նման էին՝ երկուսն էլ ընտրությունների բեռն իրենց վրա էին վերցրել և մեծ պարտականություն չունեն իրենց թիմերի հանդեպ: Շատ կարևոր կլինի, եթե ընտրված թեկնածուն հասկանա, որ իր հաղթանակով պարտավոր է հիմնականում իրեն և իր օգտին քվեարկած ժողովրդին, ինչը Հայաստանի ապագայի համար մեծ նշանակություն կունենա:
Անի Գասպարյան
ankakh.com