Ավետիք Իշխանյան. «Ժողովուրդը գնաց բողոքի, սակայն արդյունքները կեղծվեցին»

«Հերթական անգամ մտահոգություն ունեինք, որ միջազգային դիտորդները չեն ներկայացնի այն օբյեկտիվ իրականությունը, որը որ տեղական դիտորդներն արձանագրել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Վերջինս նախագահի ընտրությունները խորհրդարանական ընտրությունների հետ համեմատելով նշեց, որ այս ընտրություններում ընտրողների հոսքը ժամը 10-ից 15.00-ը անհամեմատ ավելի շատ է եղել: Սակայն իրենց դիտորդության արդյունքում արձանագրվել են մեծ թվով լցոնումներ, բացի այդ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, ընտրական տեղամասերում առկա են եղել ընտրելու իրավունք չունեցող անձինք, մեծ թվով կուտակումներ են եղել տեղամասերի մոտ, դիտորդների վրա ճնշումներ են գործադրվել` հանձնաժողովի նախագահների կողմից:

Սաքունցն ընդգծել է նաև, որ ընտրախախտումների վերաբերյալ 6 հաղորդում են տվել ոստիկանությանը, սակայն դրանցից ոչ մեկին օպերատիվ մոտեցում չի ցուցաբերվել:

«Ես մտածում էի, որ սա ընդամենը քվեարկություն է լինելու, բայց պարզվեց, որ ժողովուրդն ավելի հետաքրքիր է մտածում, քան քաղաքական ուժերը»,- ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու հավելել է, որ ժողովուրդը գնաց բողոքի, ինչը շատ ավելի խելոք քայլ է, սակայն արդյունքները կեղծվեցին:

«Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդները երբեմն ավելի լկտի էին իրենց պահում քան Ս. Սարգսյանի վստահված անձինք»,- ասել է Ա. Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս