Միջազգային մամուլ. «Հայաստանի նախագահը վերընտրվեց, իսկ ընդդիմությունն աղաղակում է խախտումների մասին»

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին անդրադարձել է միջազգային մամուլը: Առանձնացնենք մի քանի հայտնի լրատվամիջոցների:
Ընդհանուր առմամբ` բոլորն արձանագրել են արդեն հրապարակված թվերը` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը համարելով կանխատեսելի և բավական հեշտ:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ վերընտրվել է երկրորդ ժամկետին»,- գրել ամերիկյան «New York Times» թերթը:

«Հայերը երկուշաբթի օրը գնացին ընտրատեղամասեր այն պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պարոն Սարգսյանը հաղթելու է և պահպանելու է կայունությունը մի երկրում, որը աստիճանաբար դառնում է կարևոր, բայց ոչ այնքան հեշտ դաշնակից Միացյալ Նահանգների համար` Իրանի միջուկային հավակնությունները վերահսկելու գործում»,- գրում է հեղինակավոր պարբերականը:

Թերթն անդրադառնում է նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ զարգացումներին, որը հոդվածի հեղինակ Դեյվիդ Հերսզենհորնը համարում է անսպասելի: Խոսքը վերաբերում է մասնավորապես Անդրիաս Ղուկասյանի հացադուլին և Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձին:

«Պարոն Սարգսյանի երկրորդ ժամկետը կդիարկվի մեծ ուշադրությամբ` Ադրբեջանի հետ հիմնախնդրի լուծման մեջ որևէ առաջընթացի հասնելու և նաև այն առումով, որ Հայաստանը թույլ կտա կրճատել Իրանի նկատմամբ սանկցիաները, որոնք դժվարացնում են երկու երկրների կյանքը»,- շարունակում է հոդվածագիրը:

Ուշագրավ է, որ «New York Times»-ը որևէ  խոսք չի նշում այս ընտրություններում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից դարձած Րաֆֆի Հովհաննիսյանին կամ էլ երրորդ տեղը գրաված Հրանտ Բագրատյանին: Փոխարենը թերթը հիշեցնում է, որ մրցակցությունն ընտրություններում ակնհայտորեն թուլացավ, երբ իրենց թեկնածությունները չառաջադրեցին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Իսկ արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կայքը, նշելով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, հաղթել է` ստանալով ձայների ավելի քան 58 տոկոսը, իսկ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,8 տոկոս, միաժամանակ գրում է, որ Ր.Հովհաննիսյանը պնդել է, թե ինքն է իրական հաղթողը է կոչ է արել Սարգսյանին ընդունել իր պարտությունը:

«Մեր ժողովուրդն արժանի է դե յուրե ընտրված նախագահի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հովհաննիսյանի շտաբը մատնանշել է մի շարք ընտրախախտումներ` այդ թվում «ցնդող թանաքը», որը թույլ է տվել բազմակի քվեարկության հնարավորություն, և տաքսիների ու ավտոբուսների «քարավանները», որոնք իշխանամետ ընտրողներին հասցնում էին ընտրատեղամասեր»,- գրում է «Ալ-Ջազիրան»:

«Հայաստանի նախագահը վերընտրվեց, իսկ ընդդիմությունն աղաղակում է խախտումների մասին»,- այպես է իր հոդվածը վերնագրել բրիտանական «Ռոյթերզ» գործակալությունը: «Ռոյթերզը» գլխավորապես անդրադառնում է ընտրախախտումներին` նշելով, որ ընտրատեղամասերի փակումից հետո Ոստիկանությունը 70 ահազանգ է ստացել ընտրախախտումների ` այդ թվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:

Հայաստանի նախագահական ընտրություններին անդրադարձել է նաև մեկ այլ բրիտանական լրատվական` բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը` մեջբերելով ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած վերոհիշյալ թվերը: «BBC»-ն նախևառաջ հիշեցնում է դեռ ընտրություններից առաջ եվրոպացի դիտորդների հնչեցրած մտահոգությունը, որ ընտրողներն այլևս չունեն իրական ընտրության հնարավորություն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի գլխավոր հակառակորդները հրաժարվեցին մասնակցելու ընտրություններին:

Ի տարբերություն մյուս միջազգային լրատվականների` «BBC»-ն նշում է, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգներ չեն եղել, իսկ ԵԱՀԿ դիտորդների գնահատականը կտրվի այսօր` երեքշաբթի օրը: Միաժամանակ «BBC»-ն նաև անդրադառնում է Հայաստանի ներքին վիճակին, մասնավորապես տնտեսությանը` նշելով, որ երկրի տնտեսական վիճակն ընտրություններից առաջ դարձել էր գլխավոր հիմնախնդիրը:

«Չնայած տնտեսությունը 2012 թ. աճել է 7 տոկոսով, սակայն գործազրկությունը կազմում է 16 տոկոս, իսկ երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը գտնվում են աղքատության գծից ներքև»,- գրում է «BBC»-ն:

Տեսանյութեր

Լրահոս