Օբամային Իսրայելում կպարգևատրեն շքանշանով
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրվելու է «Իսրայել պետության ամրապնդման ու նրա բնակիչների անվտանգության մեջ բացառիկ և զգալի ներդրում ունենալու» համար շքանշանով: Օբամային այդ շքանշանը կհանձնվի նրա առաջիկա իսրայելական այցի ժամանակ, որը պլանավորված է մարտին:
Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Վերջինիս խոսքերով՝ շքանշանի հանձնումը տեղի է ունենալու Երուսաղեմում, որին ներկա կգտնվեն իսրայելցի հասարակական գործիչներ, ինչպես նաև ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներ: Ավելի վաղ այդպիսի պարգևի արժանացել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկու երկրների նախագահները փոխանակվում են պարգևներով: Օրինակ, նախորդ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Շիմոն Պերեսին պարգևատրել է Ազատության նախագահական շքանշանով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Օբամայի իսրայելական այցը կարող է տեղի ունենալ մարտի 20-ին: