ԿԸՀ ներկայացուցիչ. Հիմա կարող եք մի քիչ հետո զանգեք, ասեք՝ ձեթով չի՞ անցնում թանաքը (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ  Խուրշուդյանը ԿԸՀ-ից փորձեց պարզաբանում ստանալ՝ կապված քիչ առաջ հրապարակված ահազանգի առնչությամբ: Խոսքը անձնագրերի կնիքների հեռացման մասին է՝ թաց շորերի կամ անձեռոցիկների միջոցով:

ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն ի պատասխան Հովսեփ Խուրշուդյանի հարցման, թե թաց անձեռոցիկով կնքիը անձնագրից հնարավո՞ր է հեռացնել, ԿԸՀ խոսնակն ասաց. «Դա հատուկ բրիտանական կազամակերպությունից, հատուկ բաղադրանյութով պատրաստված թանաքանյութ է, որը, չեմ կարծում, որ այդպես հեշտությամբ անցնի»:

Հովսեփ Խուրշուդյանը միջադեպի առնչությամբ խոսեց նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ:

Վերջինս նշեց, որ իրենց այդպիսի նյութ հայտնի չէ, որը առանց վնասելու անձնագրի էջը, կարող է հեռացնել թանաքանյութը: «Բոլոր դեպքերում էջը կվնասվի: Սովորական թանաքանյութն էլ կարելի է հեռացնել էջից ինչ-որ կերպ: Ի վերջո, կարելի է շուշաթղթել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Խուրշուդյանը մասնավորեցրեց, թե խոնավ անձեռոցիկով հնարավո՞ր է մաքրել կնիքը՝ առանց վնասելու անձնագրի էջն ու առանց հետքեր թողնելու, ինչին ի պատասխան Արմեն Սմբատյանն ասաց. «Մեզ նման բան հայտնի չէ, մենք փորձարկել ենք ու կարծում ենք, որ հնարավոր չէ: Նորից եմ ասում՝ սովորական թանաքն էլ կարելի է հեռացնել, եթե բարդ քիմիայի դիմել: Ես քիմիկոս չեմ»:

Հ. Խուրշուդյանը նկատեց. «Խոնավ անձեռոցիկը համարում եք բարդ քիմիա՞»: Արմեն Սմբատյանը այդպես էլ չընդունեց, որ հնարավոր է խոնավ անձեռոցիկով, առանց անձնագրի էջը վնասելու հեռացնել կնիքն ու շեշտեց.

«Դա թանաքի որակական կոմպոնենտի բաղադրիչի հետ կապված չէ: Թանաքը մինչև 12 ժամ մնում է: Իսկ եթե ինչ-որ մեկի գլխով անցնում է, որ կարելի է վերացնել ու գնալ ընտրության, կարելի է փորձարկումներ կատարել ցանկացած թանաքի հետ ու գտնել հեռացման եղանակ: Դա կլինի շուշաթուղթ և այլն: Հիմա կարող եք մի քիչ հետո զանգեք, ասեք՝ ձեթով չի՞ անցնում»:

Տեսանյութը, թե ինչպես է թաց անձեռոցիկով մաքրվում կնիքը, կարող եք դիտել այստեղ. 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս