Ոստիկանությունը պարզել է ողբերգական ավտովթարի հանգամանքներն ու զոհերի և վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածի` Լճափ գյուղի խաչմերուկում, տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, բախվել էին Արմեն Պետրոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի 31 ԼՕ 637 և 30-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2106» 34 VՕ 177 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո երկու ավտոմեքենաները կողաշրջվել էին, և «ԶԻԼ»-ի վրա բարձված ողջ վառելափայտը լցվել էր «ՎԱԶ 2106»-ի վրա:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար բաժնի Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներն ու Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը, գյուղացիները ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ «ՎԱԶ 2106»-ից դուրս էին բերել 64-ամյա Ռուբիկ Խաչատրյանին, 58-ամյա Անահիտ Գևորգյանին և վարորդին՝ 29-ամյա Գ. Խաչատրյանին, և վթարի վայրից Գավառի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Գևորգյանն ու Գ Խաչատրյանը մահացել էին:
Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել և ավտոմեքենան հոսանքազրկվել է գյուղացիների և գավառի հրշեջ փրկարարների կողմից:
Վթարի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավորը՝ մահացած կնոջ ամուսինն էր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի