ՌԱԿ-ը կոչ է անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը
Ռամկավար Ազատական կուսակցությունը, իրատեսորեն գնահատելով պատմական պահը և դրա ընձեռած բացառիկ հնարավորությունը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին՝ ապահովելով, որ յուրաքանչյուրի քվեն ծառայի իր նպատակին և բացառվի չարաշահման յուրաքանչյուր դրսևորում:
Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր է դարձել ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, ունենալու համար միջազգային և եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրված նախագահ:
Հայոց պատմությունը վկայում է. բոլոր այն դեպքերում, երբ միակամվել ու բռունցքվել ենքՙ հաղթել ենք: Այսօր էլ ունենք հաղթելու այդ բացառիկ հնարավորությունը:
ՌԱԿ-ը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել ընտրություններին, համախմբվել մեկ գաղափարի ու արժանի առաջնորդի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը և կերտել լավագույն ու ապահով ապագան:
Գործող նախագահը վայելում է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքահայության աջակցությունը, ինչի վկայությունն էին Մոնրեալում (Կանադա), Նյու Յորքում, Լոս Անջելեսում (ԱՄՆ), Լիոնում (Ֆրանսիա) եւ Բեյրութում (Լիբանան) ՌԱԿ-ի սփյուռքյան կառույցների կազմակերպած աջակցության զանգվածային միջոցառումները: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ Սերժ Սարգսյանին ընտրելով ունենում ենք ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհասփյուռ հայության վստահությունը վայելող նախագահ:
Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչություն