Երևանի ՃՈ աշխատակիցները կանխել են 34-ամյա տղամարդու ինքնասպանությունը
Այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30 սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանն ու տեսուչ Տիգրան Աբրոյանը Ռուբինյանց փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Ռուբինյանց փողոցից դեպի Գայի պողոտան ընկած ճանապարհահատվածի կամրջի վրա մի տղամարդ փորձում է կամրջից իրեն ցած նետել:
ՃՈ աշխատակիցները մոտենում են այն ժամանակ, երբ տղամարդը, ով 34 տարեկան է և բնակվում է Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում, կամրջից կիսակախված վիճակում է եղե, և տեսուչները մի քանի քաղաքացիների հետ կարողացել են տղամարդուն՝ Գ.Գ-ին, հետ բարձրացնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխեցին Ոստիկանության Նոր-Նորքի բաժին:
Ըստ ֆոտոլրագրողի՝ նա աշխատում է Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկում՝ որպես վարորդ, ու կամրջի վրա հայտնաբերվել է նաև նրա կողմից վարած ՎԱԶ 21-012 մակնիշի տաքսի-ավտոմեքենան: