Մի անալիզի պատմություն

ՀՀ առողջապահության նախարարության տարածած այսօրվա հայտարարության համաձայն, Առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել նախագահի Անդրիաս Ղուկասյանի անալիզների՝ ո՛չ վերցնելու, և ո՛չ էլ հետազոտության կազմակերպմանը։ Սակայն, թեկնածուի ներկայացուցիչների պնդմամբ, իրական պատկերն այլ է: 168.am-ի հետ զրույցում թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը հերքեց ԱՆ տարածած հայտարարության այն դրվագն, ըստ որի՝ նախարարությունը մասնակից չէ անալիզների հետազոտության կազմակերպմանը: «Մենք տարածել էինք հայտարարություն, որ միշտ պատրաստակամ ենք անալիզներ հանձնել: Դրա մասին տեղյակ են  եղել նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Անդրիաս Ղուկասյանը բաց հայտարարություն էր տարածել այդ մասին, որին, եթե հիշում եք, նախարարությունը պատասխանել էր»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել էր հացադուլավոր թեկնածուին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած՝ մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, առաջարկել հիվանդանոցային պայմաններում անցնել լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ: Նախարարի հորդորին ի պատասխան՝ Անդրեաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել էին հրաժարվել հացադուլի վայրը լքելու եղանակով անհրաժեշտ անալիզները հանձնելու տարբերակից, և փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով,  Անդրիաս Ղուկասյանը տեղում հանձնել էր արյան և այլ անալիզներ։
Արմեն Գրիգորյանը չի ժխտում, որ նախարարության ներկայացուցիչները տվյալ օրը թեկնածուից անձամբ անալիզներ վերցնելու պրոցեդուրա չեն իրականացրել, բայց միևնույն ժամանակ՝ հավաստիացնում է, որ իրենց բժիշկների կողմից իրականացրած անալիզների նմուշի երկու օրինակներից մեկը տրվել է նախարարությանը: «Մեր բժիշկներն անալիզի նմուշներից մեկը տվել են նախարարությանը, մյուսը մնացել է մեր մոտ: Ըստ այդմ՝ մենք իրականացրել ենք մեր հետազոտությունը, նախարարությունը՝ իրենը»,- նշեց հացադուլավոր թեկնածուի շտաբի համակարգողը: Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք անալիզներ հանձնել տեղում, նախարարությունն էլ հայտարարություն արեց, թե անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ շեղումներ կան: Եթե չեն ընդունում, որ նմուշ են ստացել, դա իրենց պատասխանատվությունն է: Մեր քայլերը բաց են եղել, բաց հայտարարությունների միջոցով մենք հայտարարել ենք այդ մասին: Իրենք ասում էին, որ անալիզները ցույց են տվել, թե առողջության շեղումներ կան: Բա, այդ դեպքում, որտեղի՞ց գիտեն, որ շեղումներ կան: Իրենք իրենց այս հարցը տվե՞լ են»: Ա. Գրիգորյանը ավելացրեց, որ իրենք, սակայն, Առողջապահության նախարարության՝ իրենց կողմից տրամադրված նմուշի հիմքում կատարած անալիզների պատասխանները չունեն:  Առողջապահության նախարարությունն էլ, իր հերթին, հերքում է նաև այս տեղեկատվությունը՝ վստահեցնելով, որ որևէ բուժհաստատությունում անալիզների հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։

Մինչև երկու կողմերը պարզում են, թե, ի վերջո, թեկնածուն ո՞ւմ է հանձնել, ո՞ւմ չի հանձնել արյան և մեզի անալիզներ, Անդրիաս Ղուկասյանը թևակոխում է հացադուլի 26-րդ օրը:

Տեսանյութեր

Լրահոս