Դրել հրապարակում եք, որ ի՞նչ… ուղարկեք մեզ Ձեր փաստերը, մենք զբաղվենք. Շիրակի մարզի դատախազը՝ լրագրողին
Անցած երեք օրերի ընթացքում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրահավաք հեռախոսը չի դադարել ահազանգեր ստանալ Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերից: Զանգահարող քաղաքացիները շեշտել են, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, այնինչ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հեռախոսը այս անգամ էլ տարօրինակ կերպով լռում է. դատախազություն կամ ոստիկանություն չեն զանգահարում:
Համենայնդեպս այսպես է վստահեցրել Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը: Փոխարենը նա «ԳԱԼԱ»-ի լրագրողին հորդորել է համատեղ աշխատել՝ բացատրելով, որ ինֆորմացիան հրապարակելը իմաստ չունի, ավելի լավ է «ԳԱԼԱ»-ի ձեռք բերած փաստերը միանգամից ուղարկել դատախազություն: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ բնույթի բողոք-դժգոհություններ եք ստացել: ԳԱԼԱ-ն անդադար ահազանգեր է ստանում՝ մասսայական ընտրակաշառքի բաժանման մասին:
-Ընդհանրապես, մինչև այս պահը էս ամբողջ օրերի ընթացքում մենք չենք ունեցել որևէ մի ահազանգ, կամ դիմում-բողոք գրավոր չենք ունեցել: Արտակարգ ռեժիմով աշխատում ենք առավոտից մինչև ուշ երեկո, հիմա էլ ենք աշխատում, հիմա էլ եմ աշխատանքի մեջ, վաղն էլ, մյուս օրն էլ, ընտրության օրն էլ:
Ահազանգ չունենք, բայց մի ձայնագրություն լսել եմ Ձեր կայքից: Ի՞նչ է, էլի կա, թե էդ մեկն է…
-Պարո՛ն Սարգսյան, իսկ ինչպե՞ս է, որ Ձեզ չեն զանգահարում, բայց մեզ անդադար զանգահարում են:
-Դե երևի մտածում են, որ զանգեն մեզ, մենք իրենցով կզբաղվենք, եթե իրենք ճիշտ են, թող գան հայտարարություն տան, մենք պտի ասենք՝ եկեք հայտարարություն տվեք…
-Այսինքն Դուք կարծում եք, որ ճիշտ չեն, այսինքն…
-Չէ, չեմ կարող ասել, որ կեղծ է, մինչև ես չստուգեմ, չեմ կարող ասել: Որ ասում ես՝ մեզ ընչի չեն հայտնում, ես էլ ասում եմ՝ ինչի՞ չեն հայտնում, որովհետև մեր համարներն էլ կան, մենք գիտենք, դատախազությունն առավոտից երեկո աշխատում է, ոստիկանությունն էլ 24 ժամ աշխատում է: Արտակարգ իրավիճակով մենք աշխատում ենք, մարդիկ գիտեն էլ, որ մարզի դատախազը գիշեր ու զօր աշխատում է, ոչ թե մենակ էս օրերին, այլ բոլոր օրերին: 365 օրվա 340 օրը դատախազը տեղում նստած է, առավոտվա 9-ից երեկոյան 9-ը:
-Ձեր հարազատներից, մտերիմ շրջապատից ինչ-որ մեկին գումար չե՞ն առաջարկել, կամ գոնե դուռ չե՞ն թակել, ներս չե՞ն մտել, չեք էլ լսե՞լ այդ մասին, այս անգամ մասսայական է կաշառատվությունը:
-Հայ հայ հայ հայ, ձայնագրություններ եթե ունեք, փաստով էդ անվանական բերեք, թող ասեն՝ փող են տվել, մենք էլ Ձեզ միանանք ու անենք, խնդիր չկա բերեք պատժենք, ոչ մեկին չենք ներելու, ոչ մի, բացարձակապես ոչ մի օրինախախտի չենք ներելու, խնդիր չեմ տեսնում: Ոչ մեկից ես նման ահազանգ չեմ լսել: Մեծ մասամբ ոտքով եմ շարժվում, որպեսզի բոլորի հետ էլ հարցազրույց անցկացնեմ: Ու ես սիրում եմ բոլորի հետ, ժողովրդի հետ շփվել: Կարանք համատեղ աշխատել, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում, չփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա:
ՀԳ.Երբ հարցազրույցը արդեն պատրաստ է եղել հրապարակման, հեռուստաընկերություն է զանգահարել ՇՄ դատախազ Դավիթ Սարգսյանը և խնդրել իրենց ուղարկել ձեռք բերած փաստերը՝ ասելով. «Դրանք, որ դրել հրապարակում եք այդպես, ի՞նչ, ավելի լավ է, եթե ունեք փաստեր, այդ ամենը ուղարկեք դատախազություն, զբաղվենք գործով»: