Վուլկանիզացիայում ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու դիմաց. «Ժառանգություն»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի եւ առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նախընտրական ժամանակահատվածում իր եւ իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները: Նշվեց, որ այսօր շեշտակի ավելացել են ընտրակաշառքների բաժանման մասին ահազանգերը:

Այդուհանդերձ Րաֆֆի հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ «Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը եւ Նոր Հայաստանի կայացումը»: Դեսպան Թալիավինիի նշեց, որ իրենք ուշադիր հետեւում են ընտրարշավի ընթացքին եւ միջանկյալ ամփոփագրերից զատ ընտրություններից հետո հանդես կգան ամփոփ եւ ամբողջական զեկույցով:

Ստորեւ ներկայացնում ենք փետրվարի 15-ի ժ. 18:00-ի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած ահազանգերը:

1. Մի քանի ահազանգ կա Գյումրիից` ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ: Ընտրակաշառքի առաջարկով մտել են անգամ Գյումրու «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներից մեկի տուն:

2. Վանաձորից քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ ահազանգել է, որ այսօր Վանաձորի քիմկոմբինատին հարող թաղամասում, նախկին Մարքսի փողոցի վրա սկսել են բաժանել ընտրակաշառք` 4 հոգի ընտրող ունեցող ընտանիքին տրվում է 30000 դրամ ընտրակաշառք` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Բաժանում է ոմն թաղային հեղինակություն Սերոժիկ:

3. Նույն քաղաքացին հայտնում է, որ Լոռու մարզի Սարալ գյուղից իր ազգականը ասել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները դռնեդուռ հավաքում են գյուղից բացակայողների անունները, որոնց փոխարեն 9-րդ ձեւով պատրաստվում են քվեարկեցնել այլ անձանց` Սերժ Սարգսյանի կողմնակիցներին:

4. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այսօր հավաքում է քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի տեղի շտաբերի ղեկավարներին` ընտրակաշառքների համար հատկացվող գումարները բաշխելու համար:

5. Էջմիածնի թիվ 9 դպրոցում ժ. 15.00-ի դրությամբ բացահայտորեն ընտրակաշառք են բաժանել` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար:

 6. Թալինում եւ շրջակա գյուղերում տարբեր առիթների անվան տակ վերցնում են քաղաքացիների անձնագրերի պատճեները՝ սկսած բանկային հաշիվներ բացելուց, հեռախոսաքարտ տրամադրելուց, աղբաթափման պայմանագրերից, սոցիալական փաթեթի պայմանագրերից, անձնագրային բաժնի կողմից տրվող լրացուցիչ ցուցակներով ընտրելու իրավունքի մասին տեղեկանքից (անձնագրային սեղաններում հսկայական հերթեր են)… մինչև հիմնարկ-ձեռնարկություններում հպատակված աշխատակիցների ցուցակները՝ յուրաքանչուր ցուցակում համապատասխան պատասխանատուի կոորդինատներով։

7. Թալինի ՀՀԿ շտաբներում պատրաստվում են ԳՈՒՆԱՎՈՐ ԳՐԻՉՆԵՐ` ընտրակաշառված քաղաքացիների եւ սպառնալիքների ներքո ընտրող քաղաքացիների քվեարկությունը վերահսկելու նպատակով:

8. Մի քաղաքացի ահազանգել է, որ Երեւանի Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող վուլկանիզացիայում ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու դիմաց:

9. Մեկ այլ քաղաքացի հայտնում է, որ Թալինի շրջակա գյուղերում սկսել են ընտրակաշառք բաժանել:

10. Մասիսի Ղուկասավան գյուղից ահազանգ կա, որ գյուղապետարանի աշխատակիցները շրջում են գյուղով եւ ընտրակաշառք են բաժանում` մեկ ընտրողին 15.000 դրամ:

11. Մի քաղաքացի Վանաձորի կամավորներին հայտնել է, որ իրեն տեղեկացրել են, որ Լոռու մարզի ամբողջ տարածքում փետրվարի 17-ին օրվա երկրորդ կեսին պետք է բաժանվի ընտրակաշառք Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

12. Մի քաղաքացի հայտնել է, որ Մուշական գյուղի գյուղապետարանը միաժամանակ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ: Հայտնել են Էրեբունի համայնքի կամավորները:

13. Հրանույշ Մ.-ն Ֆեյսբուքից հաղորդում է. «Բարև Ձեզ: Վանաձորում հիմա խայտառակություն է, մարդիկ այլ հասցեներում գրանցվում են, որպեսզի իրենց էլ փող հասնի, քանի որ եթե մեկ բնակարանում բնակվում է 3-ից քիչ մարդ, ապա իրենց չեն տալիս: Մարդկանց երթուղայիններով տանում են շտաբ, դռները փակում, փողը բաժանում՝ իբր այդ մարդիկ հանրապետականի ակտիվիստներ են ու դա օժանդակություն է նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված է 30000 դրամ:»

14. Արթուր Վ.-ն Ֆեյսբուքից հաղորդում է. «Այսօր ես տեղեկացա, որ Նոր Նորքի բոլոր դպրոցներում բաժանվել է 15.000-ական դրամ յուրաքանչյուր աշխատակցին` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց:

15. Արման Շ-ն Ֆեյսբուքից հաղորդում է, որ Շիրակի մարզի գյուղ Սառնաղբյուրում գյուղապետն ու իր քարտուղարը 5000-ական դրամ են բաժանում գյուղացիներին` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

16. Արմեն Վ-ն Ֆեյսբուքից հաղորդում է, որ Չարենցավանում երեկ գիշերը ընտրակաշառք են բաժանել Սերժ Սարգսյանի օգտին` մեկ անձին 7500 չափով:

17. Կարեն Տ-ն Ֆեյսբուքից ահազանգել է, որ Ավանի անձնագրային բաժին ընդմիջման ժամերին մի խումբ մարդիկ են մտել` ձեռքներին եղել են հարյուրավոր անձնագրերի պատճեներ եւ անձնագրեր: Ապա այդ խումբը դուրս է եկել արդեն առանց անձնագրի պատճեների:

18. Մի քաղաքացի ժ. 17.00-ին զանգահրեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ, եւ չցանկանալով ներկայանալ հետապնդումից խուսափելու համար, նշեց, որ Կոտայքի մարզում սկսել են ընտրակաշառք բաժանել:

 Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս