
ՊԵԿ պարզաբանումը՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված առաջացած դժվարությունների վերաբերյալ

Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները` ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված առաջացած դժվարությունների վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի (ԵՀԱՀՀ) շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ:
ՀՀ կառավարության 30.06.2011թ. թիվ 25 արձանագության համաձայն, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը մշակել է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի տեխնիկական առաջադրանք, որը հաստատվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ինչի հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի սկսած ծրագրավորման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է դեռևս 2012թ. սեպտեմբերի 14-ին և ծրագիրը հանձնվել է շահագործման:
Ներկայում հաշվետվությունների ներկայացման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն www.taxservice.am էլեկտրոնային էջի ոչ պատշաճ սպասարկմամբ, ՊԵԿ-ի թերացմամբ կամ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով, ինչպես շրջանառվում է մամուլում: Հարկ վճարողների կողմից մուտքագրված անձնավորված տվյալների համպատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս, այլ տեղեկատվական համակարգերի կողմից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին