«ՀայՌուսգազարդում» ստիպում են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտի՞ն

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր կազմակերպված քաղաքացիական ֆորումի ընթացքում, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն ահազանգել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, կառավարության աջակցությամբ, իր աշխատակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, բարեկամներին ու ծանոթներին, վախի մթնոլորտ ձևավորելով, ստիպում է գնալ ընտրությունների և քվեարկել Հանրապետական կուսակցության ներկայացուցչի օգտին:

«Տեռորի միջոցով հավաքում են բոլորին և ստիպում, որ մարդիկ իրենց ընտանիքի անդամների բոլոր տվյալները տան և ներկայացնեն ծառայության պետին, այլապես բոլորին ասում են` դիմում կգրեք և դուրս կգաք աշխատանքից»,- նշել է Սիլվա Ադամյանը: Նրա դիտարկմամբ, պետք է ստեղծվի մի հանձնաժողով, որի անդամները  ընտրություններից առաջ մուտք կգործեն  հզոր, խոշոր կազմակերպություններ և քաղաքացիներին կբացատրեն, կներկայացնեն իրենց ընտրական իրավունքների մասին:

«Դա պետք է անխտիր արվի բոլոր այն կազմակերպություններում, որտեղ լուրջ խնդիրներ կան Հանրապետական կուսակցության հետ»,- կարծիք է հայտնել Սիլվա Ադամյանը:

Galatv.am-ը այս տեղեկատվության վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ «ՀայՌուսգազարդից»:

«Այս շրջանում ամեն անհեթեթություն հնարավոր է հնչի: Դա առնվազն անհեթեթություն է, և ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,- արձագանքել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը` նշելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա բացառել է, որ կազմակերպությունում նման երևույթներ կան.

«Եթե փաստեր կան, ապա թող համապատասխան ընթացակարգով դիմեն և ուսումնասիրվեն այդ փաստերը»: Դիտարկմանը, թե հավանակա՞ն է արդյոք, որ կբարձրաձայնեն կամ փաստեր կներկայացնեն աշխատակիցները` հաշվի առնելով աշխատանքից հեռացնելու սպառնալիքները, Շուշան Սարդարյանը պատասխանել է.

«Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը. կա Աշխատանքային օրենսգիրք, աշխատողները մեզ հետ աշխատում են պայմանագրով: Իրենք կարող են այդ ամենը իրավական դաշտում վիճարկել» :

Տեսանյութեր

Լրահոս