Բաժիններ՝

ՀՀ ԱԻ նախարարության հաղորդագրությունը՝ Ռուսաստանում ընկած երկնաքարի վերաբերյալ

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության հետ, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն` փետրվարի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ին Ռուսաստանի Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Կուրգանի մարզերում, ինչպես նաև Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում գրանցվել է մթնոլորտի ստորին շերտերի ակտիվություն, որի հետևանքով տեղի են ունեցել լույսի բռնկումներ, ձայնային ու հարվածային ալիքներ։

Ռուսաստանի արագ արձագանքման և ԱԻՆ օդային ուժերը, բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի։ Օդային հետախուզություն է իրականացրել 8 ուղղաթիռ։ Հետախուզություն է կատարվել Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Կուրգանի մարզերում։ Չելյաբինսկ, Կոպեյսկ, և Կուրգան քաղաքների որոշ ծրջաններում արձանագրվել են բնակելի շենքերի վերին հարկերի պատուհանների ապակիների կոտրման դեպքեր։ Ենթադրաբար` դրանց պատճառ է հանդիսացել երկնաքարերի անձրևը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների` «Բայկոնուր» տիեզերակայանից որևէ թռչող սարք չի գործարկվել։

Չելյաբինսկի շրջանում իրականացված ճառագայթային մշտադիտարկումը նորմայից որևէ շեղում չի գրանցել։
ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած նախնական տեղեկություններով` Չելյաբինսկի շրջանի Սատկա և Չեբարկուլ բնակավայրերի մոտ հայտնաբերվել են երկնաքարի անկման հետքեր։

Հարվածային ալիքի հետևանքով փլուզվել է Չելյաբինսկի ցինկի գործարանի պահեստի ծածկը։ Փլուզման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ Տեղում իրականացվում են վթարային փրկարարական աշխատանքներ։

Տարածքի ուսումնասիրման աշխատանքներում ներգրավված է ԱԻ նախարարության 18 հազարից ավելի աշխատակից և շուրջ 3500 միավոր տեխնիկա։

Ժամը 15.30-ի դրությամբ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 124 մարդ (այդ թվում` ՌԴ ԱԻ նախարարությունից` 83) և 65 միավոր տեխնիկա։

ՌԴ ԱԻՆ տվյալներով` այսօր ապակու բեկորներից ստացած վնասվածքներով Ուրալում հիվանդանոց է դիմել 514 մարդ, այդ թվում` 82 երեխա։ Հոսպիտալացվել է 112 մարդ։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ այսօր առավոտյան Չելյաբինսկում երկնաքար է ընկել, գրանցվել է երկնաքարերի անձրև, բնակիչները երկնքում լուսային ուժեղ բռնկումներ են նկատել, լսել պայթյունի ձայն։

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 15.00-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում տեղի է ունենալու կառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ, որտեղ քննարկվելու են Ուրալի և Պրիվոլժիեի դաշնային շրջաններում մթնոլորտի ստորին շերտերում նկատված ակտիվություն հետևանքներով առաջացած իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս