Դավթաշենի ոստիկանները պարզել են, որ վանդալը Իսագուլյանն է
Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 76-ամյա Յուրիկ Մարտիրոսյանը Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք Դավթաշենի գերեզմանատանը հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանի քարերն են պոկել և շրջել և այնտեղից գողացել ծաղկամանները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է 33-ամյա Վահագն Իսագուլյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Յու. Մարտիրոսյանի հանգուցյալ կնոջ՝ Գրետայի և որդու՝ Արմենի գերեզմանաքարերը և ծաղկամանները, ինչպես նաև գերեզմանի բարեկարգումն ինքն է կատարել, ինչի համար Յու. Մարտիրոսյանը վճարել է, և որպեսզի հերթական անգամ գումար աշխատի, սրբապիղծը կատարել է այդ անմարդկային արարքը՝ մտածելով, որ հանգուցյալների հարազատները նորից կդիմեն իր օգնությանը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: