«Ես երբևէ չեմ եղել մասոնական լոժայի անդամ»

Այսօր ամփոփիչ ասուլիս էր հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ում գնահատմամբ`  ընթացել է անհավասար պայքար, տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի համատարած խախտումներ, որոնցից մի քանիսին դեռ օրեր առաջ ինքն անդրադարձել է:

Դրանցից են, օրինակ, Ապարանի պոլիկլինիկայի պատերին փակցված Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառները, որոնք, ըստ Ր. Հովհաննիսյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն իր նախազգուշացումից հետո հանեց: «Սրանով հանդերձ, ես պայքարից հրաժարվող չեմ, և կրկնում եմ` շարքային հայաստանցին կողմնորոշվել է: Եթե այս վիճակով փետրվարի 18-ին գնանք ազատ, արդար ընտրությունների, առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը, և ունենալու ենք նոր նախագահություն: Իսկ եթե փողը, որ հիմա Գյումրիի, Ավանի տարբեր թաղամասերում բաժանվում է (մի ամիս առաջ չէին ուզում, բայց ոնց որ վերանայել են` պլան Բ` բաժանեք), եթե անգամ այսպես շարունակվի, եթե կրկնակի քվեարկության փորձ լինի, մենք հետևելու ենք` ընտրատեղամաս առ ընտրատեղամաս, և  անգամ, եթե մեկ ապացույց գտնենք, որ որևէ մեկը` Հայաստանի քաղաքացի, ամերիկահայ, ջավախահայ, գա և հակահայկական, հակասահմանադրական գործ անի` զինվորին, ուսուցչին ուղղորդելով դեպի ստիպողական քվեարկություն, բացակաների փոխարեն քվե տալով, ով անի՝ պատասխան է տալու»,- ասաց Ր. Հովհաննիսյանի, ում կարծիքով` Սերժ  Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է շատ պաշտոնյաներից: «Որովհետև ինքն ունի սովորելու, լսելու, սխալներ ընդունելու ունակություն: Եվ դուք հետևել եք թե՛ իմ խոսքին, թե՛ նրա խոսքին, և ինքը ցույց է տվել, որ ունի այդ հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն ազատ թողնի իր մարզպետներին, շտաբի պետերին, գյուղապետերին, քաղաքապետերին, հրամանատարների միջոցով շարքային քաղաքացուն»,- նկատեց  նախագահի թեկնածուն` նշելով, որ ընդհանրապես ընտրությունների հեքիաթն ավարտվում է, և վաղը, ժամը 17:00-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա իր ավարտական հանդիպումը, իսկ ընտրություններից հետո` ամսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ին իր ասուլիսը կտա «Ազատության» հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի` իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը և նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, եղել են մասոնական օթյակի անդամներ, ինչպես նաև՝ ինքը մասնակցություն ունի ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Նրա ասելով, որ իրեն ճանաչողները գիտեն, որ ընդունում է  հիմնավոր քննադատությունը, բայց ժխտում է կեղծիքն ու սուտը:  «Այդ սուտ վկայության համար, ինձ թվում է` ինքը պատասխան պետք է տա Դատախազության առջև  կամ Հայաստանի օրենքին համապատասխան, ոչ թե՝ որովհետև մասոնական լոժաների անդամակցությունն օրենքով արգելված է, ամեն մեկն իր իրավունքն ունի, բայց ես երբևէ չեմ եղել դրա անդամը, ինչպես նաև հայրս` Ռիչարդ Հովհաննիսյանը, որը հայագիտության և արդի հայոց պատմության ռահվիրա է եղել Հայաստանում և Հայաստանից դուրս: Դա սուտ է, և եթե ինքը վկայություն ունի, որ ես կապ ունեմ որևէ տեսակի բռնության հետ երբևէ որևէ մեկի նկատմամբ, Դատախազությունը պետք  է որոշի, և ես պատրաստ եմ պատասխանել Դատախազության հարցերին, և նույնն ակնկալում եմ իրենից»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ Վ. Սեդրակյանը եղել է իր պայքարակից Անահիտ Բախշյանի աշակերտը, և 2002թ. Ա. Բախշյանի միջոցով հանդիպել են: «Այն ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, ինքը փորձում էր էպոսը կիրառել նաև ինձ վրա: Եվ ինձ վերագրում էր էպոսի ինչ-որ դերակատարություն: Իսկ իմ համեստությունն իր հանդեպ եղավ, և ասացի, որ ես կապ չունեմ էպոսի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս