Երեք գործոններ, որոնք առանձնացնում են ներկայիս ընտրական միջավայրը՝ ըստ Ս. Սաֆարյանի
«Այս քարոզարշավի առանձնահատուկ գործոններից առաջինը հավատի պակասն է ընտրական այս գործընթացների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ որոշ շրջանակներ գտնում են, որ ընտրությունների մասնակցել պետք չէ, որովհետև դրանց արդյունքները կանխորոշված են»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս նկատեց, որ սա տարածված մտայնություն է հասարակության մեջ, թեպետ նշեց, որ ամեն ինչ խառնվել է իրար. մի կողմից՝ բոյկոտային տրամադրություններ, մյուս կողմից՝ անվստահություն ընտրությունների նկատմամբ:
Ընտրական այս միջավայրի առանձնացող գործոններից մեկը, Սաֆարյանի խոսքով, վախի մթնոլորտն է, ինչը, որպես կանոն, ստեղծվել է իշխանությունների կողմից ու ունի մեծ ազդեցություն ընտրական գործընթացի վրա: Սաֆարյանը խոստովանեց, որ վերջին տարիներին մենք առնչվում ենք վախի ավելի փափուկ տարբերակին, որոնք մարդկանց մոտ հոգեբանական միջավայր են ձևավորում, ըստ որի՝ ընտրությունները կանխորոշված են: Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ, սակայն, վախի մթնոլորտն ուժգնացավ՝ պայմանավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձով:
Իսկ երրորդ գործոնը, ըստ նրա, փետրվարի մեկից դրսևորված փոխադարձ մեղադրանքներն են Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի չբացահայտվածության պարագայում: «Երկար ժամանակ ականատես եղանք Հայրիկյանի կողմից շրջանառության մեջ դրված տարբեր վարկածներին: Ինչպես Հոկտեմբերի 27-ի պարագայում, այնպես էլ հիմա, սկսվեց վարկածների աստղաբույլ: Հիմա էլ բանը հասել է չափազանց զավեշտալի մի հանգրվանի, երբ մեղադրանքները հենց այնպես մերկապարանոց հնչում են մեկը մյուսի հասցեին: Վերջին շաբաթվա այս մթնոլորտը տհաճ է ու չափազանց վտանգավոր: Ներեցեք, բայց նման մթնոլորտում, որտեղ խորացել է անվստահությունն ընտրությունների նկատմամբ, կա վախի ու անմաքուր մթնոլորտ, ընտրությունները չեն կարող լավագույնը լինել, ազատ լինել»,- մասնավորեցրեց նա:
Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես անդրադառնալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց, որ չի կարող արձանագրել մի պահ, երբ նա սայթաքել է կամ կիքսեր է թույլ տվել, ինչպես դա արել են նախագահի մյուս թեկնածուները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը: