Արման Մելիքյանը ջրբաժան է կանխատեսում
ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր վստահված անձիք նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասերում չեն լինելու:
«Որևէ ընտրատեղամասում մեր վստահված անձիք չեն լինելու, մենք դիտարկում չենք իրականացնելու, քանի որ դրա իմաստը չենք տեսնելու»,- ասաց ԱրմանՄելիքյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր վստահված անձանց մեջ կլինեն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչներ:
Արման Մելիքյանն այսօր անդրադարձավ նախօրեին հրապարակված սոցհարցմանն, ըստ որի, ընտրողների ակտիվությունը կլինի մոտ 56 տոկոս: Նախագահի թեկնածուի կարծիքով, սա շատ ուշագրավ թիվ է: Նրա խոսքերով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում այսօր առկա է մեր ընտրողների 50 տոկոսը, այդ 50 տոկոսից էլ 56 տոկոսն է մասնակցելու ընտրության, կստացվի , որ լավագույն դեպքում ընտրություններին պետք է մասնակցի 800-850 հազար մարդ: Արման Մելիքյանի համոզմամբ, եթե այդ տվյալներն իջեցվեն մինչև 1 մլն 300 հազար մասնակից, նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ տարբերությունը հսկայական է լինելու: «Սա նշանակում է, որ այս տվյալը ցույց է տալու նախորդ խորհրդարանական ընտրությունների կեղծված լինելը:
Արման Մելիքյանի կարծիքով, նման պարագայում հիմքեր կառաջանան խորհրդարանը ցրելու համար, և հնարավոր կլինի նոր ընտրությունների միջոցով մաքրել խորհրդարանը բիզնեսմեն պատգամավորներից:
Նախագահի թեկնածուն, անդրադառնալով ետընտրական իրավիճակին, նշեց, որ փետրվարի 18-ից հետո երկրում ձևավորվելու է նոր քաղաքական իրավիճակ, որը որոշակի փոփոխությունների կհանգեցնի: Այդ փոփոխությունները դրական, թե բացասական կլինեն, ըստ Մելիքյանի, ցույց կտա գործընթացը և որոշում կայացնողների բավարար չափի կամքի առկայութունը:
«Ամսի 18-ին ջրբաժան է լինելու մինչ այժմ եղած քաղաքական իրավիճակի և ձևավորվելիք նոր քաղաքական իրավիճակի միջև: Մինչև ամսի 18-ն իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը պետք է արտահայտեն թեկնածուները, ասեն՝ հավատում են, թե՝ ոչ այս ընտրություններին: Դա վերաբերում է նաև ՀԱԿ-ին, Դաշնակցությանը: Որևէ կերպ կարտահայտեն իրենց դիրքորոշումը մինչև 18-ը ներառյալ, որոշակի տեղ կզբաղեցնեն մեր քաղաքական կյանքում, եթե այդպիսի բան չլինի, նրանց գործը բավական կծանրանա»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: