Հարցազրույց` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվողի կնոջ հետ. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Քանաքեռում անցորդներին հարցափորձ անելով՝ հասանք Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի տուն։ Նախ մեզ ուղեկցեցին մի տուն, որի դուռը կողպված էր:
Պարզվեց, դա Խ. Պողոսյանի հայրական տունն է։ Մեր հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կարող ենք գտնել Պողոսյանի տունը, հարևանը դժգոհ արձագանքեց՝ իրան ինչի եք ուզում։ Ի վերջո, ցույց տվեց այն տունը, որտեղ բնակվում է Պողոսյանը։ Զրուցեցինք կնոջ՝ Նոնա Հակոբյանի հետ, ում անունը բազմիցս հնչեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախորդ՝ փետրվարի 12-ի ասուլիսի ժամանակ։ Նոնան նախ պատմեց, թե ինչպես է ձերբակալվել իր ամուսինը՝ Խաչատուրը։
-Ամուսինս սովորական, իր բնականոն կյանքով ապրում էր, ես իր մոտ ոչ մի բան չեմ նկատել, որ ասեմ ինչ–որ տարօրինակ բաներ էր իր մոտ կատարվում։ Երեկոյան պետք ա գործից տուն գնայի, Խաչատուրը զանգեց, ասեց, որ գնում եմ Կոմիտաս, կգաս, իրար հետ կգնանք տուն։ էլ չգիտեմ, ինչ ա կատարվել, ինչ չի կատարվել, հետո մեր հարևաններից զանգեցին, ասեցին, որ Խաչիկին տնից բռնեցին տարան։ Ու մինչև հիմա էլ չեմ հասկանում, ինչ ա կատարվում։
-Ի՞նչ կապ ուներ ձեր ամուսինը նախագահի թեկնածուներ Վարդան Սեդրակյանի և Պարույր Հայրիկյանի հետ։
-Հայրիկյանի հետ ինքը բացարձակ ոչ մի կապ չունի, մենք ուղակի, սովորական հայերի նման հեռուստացույցով ենք հետևել։ Մենակ գիտեմ, որ ամուսինս իր սեփական մեքենայով տաքսի էր վարում և Վարդան Սեդրակյանի տունը վերանորոգող Սամվելին առավոտյան տանում էր ամառանոց, երեկոյան բերում էր։ Ու հետո իմ ամուսնու ասելով՝ Սեդրակյանը իրենց բրոշյուրներ էր տալիս, որ տանեին, բաժանեին տարբեր տեղեր։ Ամուսինս երբեք նման բան իրեն թույլ չէր տա, նա ոչ մի բան չուներ Պարույր Հայրիկյանի դեմ, ոչ մի բան։ Չեմ հասկանում, ի՞նչ ա կատարվում, ի՞նչ պետք ա անեմ։ Բայց որ միանշանակ այս ամեն ինչի հետևում մեկը կա, դա փաստ ա։
-Խաչատուրը Հայաստանում ոչ լեգալ կարգավիճակում է գտնվում։ Ինչո՞ւ։
-Ճիշտն ասած՝ ես էլ չհասկացա, Հայաստանի քաղաքացիություն ունի, գրանցված ա, նույնն էլ Սամվելի համար կարող եմ ասել։ Դա մեզ էլ ա շատ զարմացրել, թե ինչու՞ ոչ լեգալ, մարդը ունի տուն և գրանցում, էլ անլեգալը ո՞րն ա։ Ինձ էլ ա շատ հետաքրքիր, թե ո՞վ սենց արեց, ու ինչ պետք ա լինի, չգիտեմ։ Իմ 4 տարեկան աղջիկը ամբողջ օրը հարցնում ա, թե պապան ու՞ր ա, ի՞նչ ասեմ։
-Ձեր տանից է հայտնաբերվել «նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը և փամփուշտները։ Տանը մի՞շտ է զենք լինում։ Խաչատուրը զենքից օգտվել գիտի՞։
-Ոչ, այդ մասին չեմ ուզում խոսել։ Իմ ամուսինը զենք չի ունեցել, ես իր հետ կապված ամեն ինչ գիտեմ ու հնարավոր չի, որ տեղյակ չլինեի:Հեոուստացույցով լսեցի, որ ասուլիսի ժամանակ Վարդան Սեդրակյանը ասել էր, թե քանաքեռում բոլորին պատմել եմ, որ ԱԱԾ–ից զանգել են, հեռախոսը տվել են ամուսնուս, ու ասել է, գնա բեր, նման բան չի եղել։ Հիմա ինքը այնպես ա արտահայտվում Խաչիկի ու Սամվելի մասին, որ շատ զարմանալի ա, թե ո՞նց կարելի ա, երբ դու էդ մարդկանց հետ նստում էիր, կանգնում էիր, հիմա ինչ ձև ես արտահայտվում։ Նրանք նման բանի ընդունակ չէին, միայն դա կարող եմ ասել։
-Հունվարի 31-ի գիշերը ժամը 23:30-ին, երբ կրակեցին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, ձեր ամուսինը տա՞նն էր։ Այդ օրը ո՞ւշ էր եկել տուն։
-Ես չեմ կարողանում այդ օրը հիշեմ, որովհետև իմ ամուսինը այնքան շատ էր դուրս ու ներս անում, ես կոնկրետ չեմ կարողանում հիշեմ, թե այդ օրը, այդ ժամին ինքը տա՞նն էր, թե ոչ։ Բայց այնպես չի եղել, որ իմ ամուսինը գնա, տուն չգա, շատ ուշանա։
-Վարդան Սեդրակյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ Խաչատուրը ամբողջ Քանաքեռում, բոլոր հարևաններին հայտարարել է, թե Սեդրակյանն ունիպատժիչ ջոկատներ, և իրեն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար: Այդ ի՞նչ պատժիչ ջոկատ է, ու՞մ են պատժել, ձեր ամուսինը ի՞նչ կապ ունի այդ ջոկատի հետ։
-Ես չեմ լսել, չեմ հասկանում ինքը ի՞նչ ա ի նկատի ունեցել։ Չկա տենց պատժիչ ջոկատ։ Միայն լսել եմ, որ իրենց մասին շատ վատ էր արտահայտվում՝ և Խաչիկի, և Սամվելի մասին։ Դու էդ մարդկանց հետ աշխատում էիր։ Հիմա ո՞նց էդ մարդիկ քո համար դարձան ամենավերջինը։ Այդտեղ արդեն ենթադրում եմ, որ միգուցե դու քո կաշին ես փրկում (Վարդան Սեդրակյանին նկատի ունի, հեղ.), որովհետև նրանք շփվում էին միայն քո հետ, ուրիշ ոչ մեկի հետ։
-Ըստ ձեզ, Վարդան Սեդրակյանը այս ամենի հետ որևէ կապ ունի՞։
-Իսկ եթե Սեդրակյանը չունի, ուրիշ ո՞վ ունի։ Մենակ մի բան գիտեմ, որ եթե եղել ա տենց բան, ուրեմն ինքն ա, եթե իմ ամուսինը արել ա տենց բան, ուրեմն իր հրամանով ա արել։
-Այսինքն, ձեր ամուսինը նման բան, եթե աներ, ապա միայն Սեդրակյանի հրամանո՞վ։
-Կարծում եմ, 100 տոկոս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև Խաչիկենք ուրիշ մարդ (ըստ ամենայնի քաղաքական գործիչ, հեղ.) չեն ճանաչում։
-Պարոն Սեդրակյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև, որ իր քարոզչական նյութերը Խաչատուրը և Սամվելը պետք է տարածեին Հայաստանում և դրա դիմաց Սեդրակյանը նրանց գումար է տվել սակայն պարզվում է, որ այս նյութերը երբեք, որևէ տեղ չեն տարածվել։ Սեդրակյանը ասել էր, որ այդն յութերը հազարներով ձեր տանը դրված են։
-Եկեք գնանք նայեք, դա էլ էր ինքը սուտ ասում։ Գիտեք, ինձ ինչն էլ ա կասկածի առիթ տալիս, որ ինքը արդեն սկսում ա սխալ բաներ խոսել։ Ընդամենը երկու յաշիկ ա, էդ որ ասեց՝ ամբողջ զալով լցված ա. էդ սուտ ա, իմ ամուսնուն ինչ տրվել ա, նա իր աշխատանքը կատարել ա նորմալ ձևով։ (Այդ տան հյուրասենյակի պատի տակ երկու տրցակ բուկլետ էր դրված, հեղ.)
-Ձեր տունը խուզարկե՞լ են։ Դուք հարցաքննվե՞լ եք։
-Այո, խուզարկել են մեր բնակարանը և ոչ մի բան չեն հայտնաբերել:Մեկ անգամ են հարցաքննել ու հարցրել են, թե դուք ձեր ամուսնու մոտ տարօրինակ պահվածք չե՞ք նկատել, ես էլ ասել եմ, որ՝ ոչ։
Հ.Գ. Ասուլիսի ժամանակ Սեդրակյանը նոր վարկած է առաջ քաշել, որ Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության կողմից, որը հովանավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ըստ նրա, դա իրականացրել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից և այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը։
ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Հայկական Ժամանակ»