
Քրդական հարցի լուծման դեպքում Թուրքիան խոշոր ոստյուն կգործի տարածաշրջանում. MIT-ի նախկին աշխատակից

Թուրքական Takvim թերթին տված հարցազրույցի ժամանակ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ղեկավարի տեղակալ Ջևաթ Օնեշը մեկնաբանել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինաթափման շուրջ իշխանությունների ներկայիս բանակցությունները վարելը.
«Քրդական հարցի լուծման դեպքում Թուրքիան խոշոր ոստյուն կգործի տարածաշրջանում: Ապա կարող է օրակարգ բերվել սահմանի ու քարտեզի փոփոխության հարցը: Կամ էլ կվերաձևավորվի տարածաշրջանը»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 10-ին Փարիզում սպանվել են PKK-ի երեք ակտիվիստուհիներ Սաքինե Ջանսըզը, Ֆիդան Դողանը և Լեյլա Շայլեմեզը, որոնցից առաջինը հանդիսանում է PKK-ի հիմնադիրներից մեկը, ինչը որակվեց որպես քրդերի հետ թուրքական իշխանությունների սկսած երկխոսությանը խոչընդոտելու փորձ:
Այս կապակցությամբ Մարդինից ընտրված քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքը հայտարարել էր, որ այդ սպանությունը կարող է կազմակերպած լինել Իրանը: Իր այս մոտեցումը քուրդ պատգամավորը բացատրում է նրանով, որ եթե Թուրքիայում լուծում ստանա «Քրդական» (PKK) հարցը, ապա նա կվերածվի տարածաշրջանային միակ ուժի, ինչն իր ազդեցությունը կունենա նաև սիրիական ճգնաժամի վրա: