
Անդրիաս Ղուկասյանի թիմը չի՞ վստահում «Շտապօգնության» բժիշկներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Ղուկասյանն ասել էր, որ բացի «Շտապօգնության» բժիշկներից, իրենք օգտվում են նաև մասնավոր բժիշկների ծառայություններից, և նրանց աշխատանքները տարբերվում են. «Բժիշկներն այցելում են նրան, շտապ բուժօգնությունը չափում է ճնշումը, ցույց է տալիս 80/60, մենք չափում ենք, ցույց է տալիս 110/70, այսինքն՝ այսպիսի տատանումներ են լինում, ինչը դառնում է պատճառ, որ սկսում ենք չվստահել, մեզ մոտ հարցեր են առաջանում»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ չի կարող մեկնաբանել նախագահի հացադուլավոր թեկնածուի ճնշման մեջ նման տարբերությունների առկայությունը:
Ասուլիսի ընթացքում Արմեն Ղուկասյանը նաև նշել էր, որ իրենք Առողջապահության նախարարության անալիզի տվյալների մանրամասները չունեն, հետևաբար չեն կարող ասել՝ անալիզների արդյունքները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանն անալիզներ հանձնել է մեկ լաբորատորիայում. «Իրենք անալիզներ հանձնել են մեկ լաբորատորիայում: Անալիզի պատասխանները տվել են նաև նախարարությանը: Ուրիշ երկրորդ անալիզ չի եղել»: Հետևաբար, ըստ Անահիտ Հայթայանի, անալիզներում տարբերություն չի կարող լինել: