
ԱՄՆ-ում սպանվել է վրիժառու ոստիկանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հատուկջոկատայիններն այսօր գրոհել են Կալիֆոռնիայի լեռնային շրջանում գտնվող հյուղակներից մեկը, որում թաքնվել էր նախկին ոստիկան Քրիստոֆեր Դորները: Վերջինս որս էր հայտարարել է իր նախկին 40 գործընկերների նկատմամբ՝ փորձելով վրեժխնդիր լինել նրանցից՝ իրեն աշխատանքից հեռացնելու համար:
Դորներին կասկածում էին երեք մարդու սպանության մեջ, այդ պատճառով էլ նրա վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու համար ոստիկանությունը խոստացել էր 1 միլիոն դոլար: Ոստիկանությանը հաջողվել է ընկնել Դորների հետքը վրա այն բանից հետո, ինչ տեղեկատվություն ստացվեց, որ նա թալանել է մի տուն և առևանգել է տանտիրոջ ավտոմեքենան:
Ոստիկանությունը սկսել է հետապնդել առևանգած ավտոմեքենայով փախչող Դորներին, ով բարիկադավորվել է լեռնային հյուղակներից մեկում, որն օգտագործում են տեղի դահուկային հանգստավայր այցելող զբոսաշրջիկները: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվում են շերիֆի երկու օգնականները, որոնցից մեկն ավելի ուշ մահանում է ստացած վերքերից: Գրոհի ժամանակ հյուղակն այրվում և ավերվում է: Հյուղակի ներսում էլ հայտնաբերվում է Դորների դիակը: