«Ճիշտ կլինի պատրաստվել ընդդիմության հոգեհանգստին»
Ասում է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը
– Ո՞րն է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փոփոխական գործողությունների իմաստը. մի օր դիմել ՍԴ, հաջորդ օրն իսկ ետ վերցնել դիմումը։ Արդյո՞ք ընթանում է քաղաքական առևտուր։
– Մահափորձը ծրագրողների նպատակը, կարծում եմ, խառնաշփոթ ստեղծելն է եղել Հայաստանում, հասնել ընտրությունների հետաձգմանը կամ նորի անցկացմանը։ Եվ ընտրությունները հետաձգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելը կնշանակեր` նպաստել իրեն մահափորձի ենթարկած ուժի ծրագրի կատարմանը։ Դիմումը ետ վերցնելը Հայրիկյանը նշածս հանգամանքով էլ բացատրեց, որն ինձ համար հասկանալի է։ Իսկ թե ինչո՞ւ դիմում ընդհանրապես ներկայացրեց, կդժվարանամ պատասխանել. ամեն տարբերակ հնարավոր է, ընդհուպ` ձեր ակնարկածը։
– Ձերբակալվել են Պարույր Հայրիկանի դեմ մահափորձ իրականացնող երկու անձինք։ Վստահություն ներշնչո՞ւմ է տեղեկատվությունը։
– Այս հարցում վստահ եզրահանգումներ կարող են միայն իրավապահ մարմիններն անել, սակայն իբրև քաղաքացի` այլ մտահոգություն ունեմ։ Եթե իշխանությունները չունեն բավարար վստահություն, ապա նրանց բացահայտած հանցագործությունները հանրության համար մնում են չբացահայտված։ Սակայն նախընտրական այս շրջանում հանցագործության բացահայտման հարցում որևէ քայլ չանելը կվնասեր իշխանությանը։
– Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը փոխեց ընտրությունների սցենարը։ Իրականում ի՞նչը փոխվեց։
– Ընտրությունների սցենարն առանձնակի չի փոխվել ու չի փոխվում արդեն 20 տարի, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, չկան ու չեն էլ կարող լինել հասարակական ներկա կազմակերպվածության պարագայում։ Կատարված դեպքն ինչ-որ առումով կարելի է դիտարկել` որպես իշխանությունների դեմ ուղղված քայլ։ Ակնկալվում էր, որ առաջիկա ընտրությունները ցնցումի չեն մատնի երկիրը։ Անկախ այն բանից, թե ինչպե՞ս ենք վերաբերվում իշխանություններին, այս ընտրությունների արդյունքում հնարավորություն կա ունենալ լեգիտիմության առանձնակի բարդույթ չունեցող նախագահ։ Դրսի ուժերը քիչ հնարավորություն են ունենում ազդել նման նախագահի վրա, քանի որ զրկվում են իրենց հարմար պահին լեգիտիմության բարդույթն ակնարկելու հնարավորությունից։ Սա շատ-շատերին ձեռնտու տարբերակ չէ, և կատարվածը կարելի է նաև դիտարկել այս ծիրի մեջ։
– Այն մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել անկախացումից ի վեր Հայաստանում անցկացվող համապետական և մասնավորապես նախագահի ընտրություններին, նշում էին, որ 2013թ. ընտրություններն աննախադեպ է և ոչ մրցակցային։ Ձեր կարծիքով` առանձնահատկություններ ունե՞ն այս ընտրությունները, և դրանք ավելի շատ հանո՞ւն, թե՞ ընդդեմ պետականության են։
– Իսկ ի՞նչ են շահել հանրությունն ու պետությունը մրցակցային ընտրություններից` խոր հուսալքություն, հոգու ավեր, ագրեսիա, իշխանության հետզհետե քրեաօլիգարխացում, անկում, դրսի ուժերի ձեռքին խաղալիք դարձած պետություն։ Մենք լավ չգնահատելով մեր հնարավորությունները, մտել ենք մի խաղի մեջ, որը կործանման է տանում մեզ։ Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ուրիշի ջրաղացին ջուր քիչ կլցնենք։
– Նախագահի այն թեկնածուներն, ովքեր ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում, պատճառաբանում են, թե օրինականության հաստատման խնդիր կա։ Ըստ Ձեզ, ընկալելի՞ է թեկնածուների նման պահվածքը, այն է` առաջադրվել` ցույց տալով հանդերձ, որ իրականում չեն մասնակցում ընտրություններին։
– Այդ մարդիկ սեփական նախաձեռնությամբ չեն հայտնվել ընտրապայքարում։
– Մարդիկ, ովքեր վստահ են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է գործող նախագահի վերընտրությամբ, պնդում են, որ այս ընտրություններն ավելի կխորացնեն երկրում տիրող հիասթափությունն ու հոռետեսական տրամադրությունները։ Դուք ի՞նչ դեղատոմս եք առաջարկում համազգային դեպրեսիայի դեմ։
– Հիասթափությունն ու հոռետեսական տրամադրությունները գալիս են մրցակցային ընտրություններից։ Հիմա նոր անկում չի լինի, քանի որ նոր հույսեր չկան։ Հիմա եկել է խորհելու ժամանակը։ Համազգային դեպրեսիայի դեմ դեղատոմս գտնելու համար նախ` հարկավոր է լրջորեն խորհել ու գտնել այդ դեպրեսիայի իրական պատճառները։ Բայց երկյուղ ունեմ, որ հերթական անգամ դրսից մեր հանրությանը կզրկեն խորհելու հնարավորությունից։
– «Քաղաքացիական հասարակություն» կոչվածն ի վիճակի՞ է այդ առաքելությունը ստանձնել։
– Մինչ այդ` միտքը պիտի աշխատի. եթե չկա լուծում, կլինի անիմաստ դեգերում։
– Ի՞նչ ճանապարհ եք անցել նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ, և ըստ Ձեզ` նա այնպիսի՞ն է կյանքում, ինչպիսին հաճախ երևում է մամուլից։
– Իրեն գիտեմ 2003 թվականից։ 2006թ. իր և մի խումբ այլ համախոհների հետ հիմնեցինք «Վերելք» ակումբը՝ ձեր նշած համազգային դեպրեսիայի դեմ դեղատոմսի որոնման հույսով։ 2008-ից շփում չեմ ունեցել նրա հետ։ Առանձնակի փոփոխություններ չեմ տեսնում, պարզապես որոշ հատկանիշներ ավելի են ընդգծվել։
– Վարդան Սեդրակյանի առաջադրումը որակական և գաղափարական փոփոխություն մտցրե՞ց ընտրարշավում։
– Չէի ասի։ Ես իրեն խորհուրդ չէի տա մտնել այս ընտրապայքարի մեջ։ Բայց, ասացի, երկար ժամանակ չեմ շփվել հետը ու չգիտեմ, թե ինչի՞ վրա է ինքը հենվում հիմա։
– Ձեր ֆեյսբուքյան էջում մի գրառում էիք կատարել, թե մեր երկրի խնդիրն այն է, որ զինվոր չունենք։ Նախագահի թեկնածուներից որևէ մեկի մեջ չե՞ք տեսնում այդ զինվորին։
– Զինվորը չէր առաջադրվի։
– Հայտնի ճշմարտություն է, որ խավարից անվերջ բողոքելու փոխարեն` պետք է մեկ մոմ վառել։ Դուք` իբրև մտավորական, եթե դեմ չեք այդ բառին, ի՞նչ եք անում։
– «Վերելքի» իմ խոհակիցների հետ շարունակում եմ դեղատոմսի որոնումը։ Այն կարծես թե ուրվագծվում է։
– Հետևելով նախընտրական քարոզարշավին՝ տպավորություն է ստեղծվում, որ ոչ իշխանական թեկնածուների պայքարը միմյանց դեմ է ուղղված։ Միմյանց դեմ հակաքարոզչություն անելու պատճառները և նպատակները որո՞նք են։
– Այդ թեկնածուները հենց դրա համար էլ ներդրված են։ Իրական, երկիրն այս վիճակից հանելու ունակություն կրող թեկնածուի համար այն մյուսները գոյություն չպետք է ունենային, նա պետք է գնար ի՛ր ճանապարհով։
– Շատ է խոսվում այն մասին, որ ընդդիմությունը հատկապես թեկնածու չառաջադրելով` լիովին կորցրել է վստահությունը ժողովրդի մոտ։ Մոտ ապագայում այդ վստահությունը վերականգնելու հեռանկարներ տեսնո՞ւմ եք։
– Ընդդիմությունը լիովին կորցրել էր վստահությունը ժողովրդի մոտ, դրա համար էլ չառաջադրվեց։ Նրանց այս ճակատագիրը դեռ տարիներ առաջ եմ կանխատեսել։ Ճիշտ վարված կլինենք, եթե պատրաստվենք ընդդիմության հոգեհանգստին։
– Հայ ազգային կոնգրեսը կուսակցության (ՀԱԿ) վերածելը որքանո՞վ է նպատակահարմար։ Այսօր ՀԱԿ շրջանակներում այդ հարցն է քննարկվում, որի անհրաժեշտության մասին հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
– Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ձախողվել է` որպես ՀՀ նախագահ, մեկ անգամ էլ պարտվել է ընտրություններում, դրանից հետո ձախողում են ունեցել իր սկզբնավորած շարժումը, ՀԱԿ-ը։ Միևնույն առաջնորդը քանի՞ անգամ պիտի պարտվի, որպեսզի մարդիկ վերջապես հասկանան, որ նա այն առաջնորդը չէ, ով կկարողանա երկիրը հանել այս վիճակից։
Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆԻ