Էպոսագետ. Փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն (տեսանյութ)
«Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն։ Արդեն հստակ երևում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից…»։ Այս մասին ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ:
Հաղորդման ժամանակ թեկնածուն նշել է, որ իրեն իր շուրջ ընթացող առերևույթ և չերևացող գործընթացները հանգեցնելու են իր ձերբակալմանը։ Նրա խոսքով, դեռևս աշնանից սկսված զարգացումները բերել են նրան, որ իրեն մեղադրում են ոչ միայն հոկտեմբերի 27-ի կազմակերպման, Տիգրան Նաղդալյանի սպանության, այլև այժմ արդեն Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման համար։
Հիշեցնենք, որ մամուլում օրեր առաջ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկը՝ 40-ամյա Սամվել Հարությունյանը Վարդան Սեդրակյանի հարևանն է: Նշվում էր նաև, թե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: 1in.am-ի հետ հեռախոսազրույցում էպոսագետը հաստատել է, որ ճանաչում է Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց՝ թե՛ Ս. Հարությունյանին, թե՛ Խաչատուր Պողոսյանին, և որ Ս. Հարությունյանն իր հարևանն է, և այդ երկուսը միասին աշխատել են իր ամառանոցում:
Ավելի վաղ 168.am-ը հետաքրքրվել էր Վարդան Սեդրակյանից, թե որքանո՞վ են իրական մամուլում տարածված լուրերը, ինչին ի պատասխան նա ասել էր. «Քանի դեռ նախաքննություն է ընթանում, այս հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չունի»:
Քիչ հետո՝ ժամը 23:00-ին «Երկրի հարցը» ծրագրի ընթացքում Վարդան Սեդրակյանը մանրամասներ է բացահայտելու իր և Հայրիկյանի գործով ձերբակալվածների առնչության մասին։