Աշոտյանը կոռեկտ չի համարում արձագանքել Անդրիաս Ղուկասյանի հայտարարությանը

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի այսօրվա հայտարարությանը: Հիշեցնենք, որ թեկնածուն պահանջել էր ԿԳ նախարարից՝ ներողություն խնդրել իրենից՝ նախկինում կատարած գրառման համար:

«Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը:
Դա է պարտադրում նաև իմ` բժիշկ լինելու հանգամանքը: Կարծում եմ, որ Անդրիասի համար «FACE-SAVING»-ի մասին մտածելու ժամանակը չէ:
Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին: Չէ՞ որ այն ավելի կարևոր է թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ընկերների, թե՛, վերջիվերջո, իր համար:
Առողջություն եմ մաղթում»,- գրել է նախարարը:

168.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված բժշկական անալիզներին, թեկնածուն հայտարարել էր. «Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե իմ հացադուլը ռեալիթի շոու է: Եթե իշխող կուսակցությունը, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, ընդունեն և բացահայտ ասեն, որ ռեալիթի շոու չէ, այս դեպքում ես կհամագործակցեմ Առողջապահության նախարարության հետ ու ավելի լուրջ կդիտարկեմ իրենց կողմից ներկայացրած պահանջները, որոնք այս պահին ես լուրջ չեմ ընդունում: Առողջապահության նախարարը ևս այդ թիմից է, որի մյուս նախարարն ասել է, թե սա ռեալիթի շոու է: Եթե ռեալիթի  շոու է, ապա էլ ի՞նչ Առողջապահության նախարարության հորդորի մասին է խոսքը»:

Թեկնածուն ընդգծել էր, որ մինչև Արմեն Աշոտյանը ներողություն չխնդրի իր այդ գրառման համար, ինքն Առողջապահության նախարարության հետ չի համագործակցի ու չի ենթարկվի որևէ հարկադրանքի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս