
Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածմամբ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական khabaronline.ir կայքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը հայտարարել է, որ Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածմամբ.
«Այդ երկիրը Կենտրոնական Ասիայի երկրների հանդեպ իրեն պահում է որպես ավագ եղբայր: Սակայն թուրքերն ու ադրբեջանցիները դավանում են իսլամի տարբեր ճյուղեր. թուրքերը սուննի են, իսկ ադրբեջանցիները՝ շիա:
Այդ գաղափարախոսության տարածողները գործում են նաև Ադրբեջանում, սակայն երբեմն նրանց քարոզչությունը կասկածի տակ է դնում այլ երկրների տարածքային ամբողջականության հարցը»:
Հարցազրույցի ժամանակ իրանցի դեսպանն անդրադարձել է նաև ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին և Իրանի վրա դրանց ազդեցությանը. «Ադրբեջանի ու Իսրայելի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ, և պաշտոնական Բաքուն քանիցս հայտարարել է, որ այդ կապերն ուղղված չեն Իրանի դեմ: Մենք հավատում ենք Ադրբեջանի պաշտոնատար անձանց»: