
Շտեֆան Ֆյուլեն վաղը կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն փետրվարի 12-13-ին այցելելու է Վրաստան: Այդ օրերին Թբիլիսիում անցկացվելու է «Գործընկերությունն արևելքում» ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումը:
Վրացական կողմից տվյալ միջոցառմանը մասնակցելու են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գծով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
ԵՄ-ի կողմից այդ հանդիպմանը մասնակցելու է Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ-ի արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիիմ Կալասը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի հետագա զարգացման հարցը և անդրադառնալու են տրանսպորտային խնդիրների:
Նշվում է, որ փետրվարի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու «Գործընկերությունն Արևելքում» ծրագրի երրորդ գագաթաժողովը: Ոչ պաշտոնական երկխոսության այս ձևաչափը հաստատվել է 2012 թվականի ապրիլի 17-ին: Առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսի 5-ին, Քիշնևում: