
Վրաստանի պաշտպանության նախարարը մարտին կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկնում է Թուրքիա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ իրենք Թուրքիայում քննարկելու են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության պլանը: Ալասանիան հավելել է, որ մարտին այցելելու է Հայաստան ու Ադրբեջան և քննարկելու է տարածաշրջանային անվտանգության շրջանակներում ռազմական համագործակցության հարցը.
«Մեկ երկիրը չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգություն: Անհրաժեշտ է համագործակցության բոլոր ձևաչափերի օգտագործում: Վրաստանն այդ պլանում առաջատար երկրներից մեկն է»:
Հիշեցնենք, որ մարտին Ադրբեջանում պետք է տեղի ունենան «Կովկասյան արծիվ» զորավարժությունները, որոնց մասնակցելու են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինները: