Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում լրջագույն պատասխանատվությամբ ընդունել Սերժ Սարգսյանի խոսքերը
«Պարույր Հայրիկյանն այս օրերի ընթացքում տատանվում էր: Պետք է, երևի, հասկանանք, որ նրա ֆիզիակական, քաղաքական և հոգեբանական դրությունը բավականին բարդ են հանցագործությունից հետո»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու, 22-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադանալով ընտրությունները հետաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու, «Ինքնորոշում Միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի կողմից ՍԴ ներկայացրած դիմումը հետ վերցնելու փաստին: «Իհարկե, Հայրիկյանի տատանումը՝ ընտրությունները հետաձգել կամ չհետաձգելու վերաբերյալ, լարվածության մեջ պահեցին հանրությանը, որովհետև նրա որոշումը ազդեցություն կարող էր ունենալ քաղաքական պրոցեսների վրա, բայց համարենք, որ ընտրությունները հասել են իրենց ավարտին, քվեարկության օրը չի փոխվի»,- ավելացրեց Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է Պ. Հայրիկյանի՝ նախագահական ընտրություններում թեկնածուներին միասնական ձևաչափով հանդես գալու առաջարկ-կոչին, Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ շինծու ընտրությունների պարագայում անգամ միավորվելը ոչինչ չի փոխի. «Միասնական թեկնածու լինի, թե չլինի՝ քաղաքական իրադրության վրա դա ազդել չի կարող: Գյումրիում Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց, երբ ասաց՝ ինչքան ուզենանք, այնքան էլ կխփենք: Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ եմ անում, որ լրջագույն պատասխանատվությամբ ընդունեն Սերժ Սարգսյանի վերոնշյալ ասածը, որովհետև վերջինս ասել է բացարձակ ճշմատություն»:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Պարույր Հայրիկյանի կողմից իրեն՝ Ա. Ղուկասյանին օրեր առաջ հանձնած բաց-նամակին, որով Հայրիկյանն առաջարկում էր հանդես գալ որպես միացյալ թեկնածու, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Դեռ որևէ բան չեմ պատասխանել, բայց իմ պատասխանը, հավանաբար, արդեն արդիական էլ չէ, որովհետև նա հետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից: Միասնական թեկնածուի խոսակցություններն արդեն անիմաստ են՝ քվեաթերիկում արձանագրվել են թեկնածուների անունները»: