«Միասնական թեկնածուի պահանջը լուրջ չէր». Հրանտ Բագրատյան
«Ես երեկ ճիշտ էի, երբ Ֆեյսբուքի իմ էջում գրել էի, որ մենք իսկապես կարող ենք վերածել կատակի»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով այսօր Պարույր Հայրիկյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը ետ վերցնելու փաստը: Հ. Բագրատյանն ավելացրեց, որ «կատակ» բառը դեռ մեղմ է ասում:
«Դա նաև փաստում է այն, որ միասնական թեկնածուի մասով պահանջը լուրջ չէր, որովհետև անհասկանալի էր` ինչո՞ւ կապել այդ հարցն ընտրությունները հետաձգելու հետ. դրանք երկու իրար հետ կապ չունեցող բաներ են: Երկրորդը` անհասկանալի էր` եթե միասնական թեկնածու լինի, ապա ինչո՞ւ պետք է ընտրությունները կայանան փետրվարի 18-ին և ոչ թե՝ ճիշտ հակառակը` հետաձգվեին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ ընտրացուցակների վերաբերյալ այն փաստաթուղթը, որը ստորագրվել էր երեք թեկնածուների՝ իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի միջև, դրանից հետո միայն ինքն է հայտարարել, որ ոչ մի պաշտոնի չի գնում, և երկրորդը` եթե իշխանությունները ցուցակները չեն ուղղում, ուրեմն որևէ ձևով հնարավոր չի լինելու շնորհավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` նրա վերընտրվելու դեպքում:
«Ուրեմն իրականության մեջ ես իրավունք ունեմ ինձ վերագրելու, որ միասնական թեկնածուի մասին հայտարարություններն ընդհանրապես նպատակ ունեին դաշտից վերացնել որևէ ընդդիմադիր թեկնածուի: Պատահական չէ, որ ես արձագանքեցի Պարույրին և ասացի` եղբայր, եթե դու առաջինն ես ուզում, հենց առաջինը քո թեկնածությունը հանի, և դու կմտնես հետագա երկյակի մեջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես կորոշենք հաջորդ թեկնածուին: Խոսքս շարունակում եմ նաև մյուս թեկնածուի մասին` պարտավոր եք հայտարարել, որ չեք գնում շնորհավորելու»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը:
Գյումրի-Երևան