
Բարաք Օբաման ողջունել է PKK-ի խնդրի լուծմանն ուղղված Էրդողանի ջանքերը

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) խնդրի լուծմանն ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ջանքերը.
«Ես ողջունում եմ Էրդողանի ջանքերը, որոնք ուղղված են երեսնամյա պատերազմին վերջ դնելուն, որն այդքան վիշտ է պատճառել Թուրքիային: Այդ խնդրի լուծումն իր հետ կբերի խաղաղություն ու բարօրություն ոչ միայն Թուրքիայում, այլև՝ ողջ Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ը շարունակելու է կոնկրետ քայլերով աջակցել տվյալ գործընթացին»:
Հիշեցնենք, որ Էրդողանը PKK-ի մարտիկներին խոստացել է, որ եթե նրանք լքեն Թուրքիայի տարածքը, ապա իրենք որևէ կերպ չեն խոչընդոտի դրան: Միևնույն ժամանակ չի նշվում, թե թուրքական իշխանություններն ինչպիսի զիջումներ պետք է անեն, որ PKK-ն գնա այդ քայլին: