
Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն և 5 պատգամավոր փետրվարի 6-ին «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող» նոր օրինագիծ են ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովին: Այդ օրինագծի մշակմանը մասնակցել է նաև փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը:
Օրինագիծը հենված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանությունների ու ռազմական հանցագործությունների հերքումը քրեականացնող» հոդվածի վրա: Նոր օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության եղելությունը հերքողներին Ֆրանսիայում պատժել 2 տարվա ազատազրկմամբ կամ տուգանել 45.000 եվրոյով:
Հիշեցնենք, որ Բուայեի ու Գրիգորյանի պատրաստած Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նախկին օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի դեկտեմբերին, իսկ 2012 թվականի հունվարին այն ընդունվել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից:
Սակայն 2012 թվականի փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարեց այդ օրինագիծը՝ այն որակելով որպես «հակասահմանադրական»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական կամպանիայի ժամանակ խոստացել է օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հարցը: