Արամեի և Աննայի ֆեյսբուքյան էջերի համակարգողները կեղծ տեղեկություններ են տարածում
Երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի հավանական նշանադրության մասին խոսակցությունները շարունակվում և զայրացնում են երկրպագուներին: Զույգի ֆեյսբուքյան ընկերների համար բացված էջերում տեղադրված տեղեկություններն այն մասին, թե Արամեն և Աննան վերջապես նշանվել են՝ հերքվում են: Աննա Թովմասյանի երկրպագուների էջում օրերս գրվել էր մի մեկնաբանություն, ըստ որի՝ նշանադրության արարողությունն արդեն կայացել է, և էջի օգտատերը երկրպագուներին առաջարկում է միանալ շնորհավորանքին և երջանկություն մաղթել զույգին: Այդ տեղեկատվությունը, սակայն, չի հաստատել երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը, ով լրագրողի հետ զրույցի ընթացքում զարմացել էր վերջինիս հնչեցրած հարցից և խնդրել իրեն ուղարկել այն էջը, որը նման հաղորդագրություն է տարածել: Երեկ նմանատիպ մի հաղորդագրություն էլ տարածել է Արամեի ֆեյսբուքյան ընկերների պաշտոնական էջը: 168.am-ը էջի օգտատիրոջից փորձեց ճշտել, արդյո՞ք նման բան կա իրականում, սակայն օգտատերն այդպես էլ չմեկնաբանեց իր ֆեյսբուքյան գրառումը: Նա պատճառաբանեց, որ Արամեի անձնական հարցերին ինքը խառնվել չի կարող: Ուստի հարց է առաջանում. եթե զույգի ֆեյսբուքյան էջերը ղեկավարող անձինք զույգի անձնականին խառնվելու իրավունք չունեն, ապա ինչո՞ւ են տարածում այնպիսի հաղորդագրություններ, որոնց պատասխանը տալ չեն կարող: «Ժամանակը կգա՝ բոլորն ամեն ինչ կիմանան, բայց հիմա, կարծում եմ՝ ժամանակը չի: Կարևորը՝ իրենց մոտիկ մարդիկ գիտեն ճշմարտությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամեի ֆեյսբուքյան էջի համակարգողը: