Դեդ Հասանի կլանը 300 գանգսթերի մասնակցությամբ մասշտաբային «սխոդկա» է անցկացնելու ԱՄԷ-ում
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանգուցյալ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի «օրենքով գողերը» որոշել են մասշտաբային «սխոդկա» անցկացնել, որին պետք է մասնակցեն մի քանի հարյուր գանգսթերներ: Տվյալ միջոցառումն անցկացվելու է ԱՄԷ-ում:
Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը: Վերջինիս պնդմամբ՝ նախորդ շաբաթ կլանի ներկայացուցիչները դիմել են զբոսաշրջային ընկերություններից մեկին՝ խնդրելով ձևակերպել ավելի քան հարյուր «օրենքով գողերի» փաստաթղթերը՝ ԱՄԷ մեկնելու համար:
Բացի այդ, «օրենքով գողերը» ցանկանում են ԱՄԷ մեկնելու համար վարձակալել առանձին ինքնաթիռ: Իրավապահների տվյալներով՝ պլանավորված է, որ ԱՄԷ-ում կայանալիք այդ մասշտաբային «սխոդկային» մասնակցելու է մոտ 300 «օրինաճանաչ»:
Միջոցառման կազմակերպիչներն են Դեդ Հասանի կլանի ներկայիս առաջնորդները՝ Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորով (Վասյա), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ):
Իրավապահների տվյալներով՝ տվյալ «սխոդկան» ունի երկու գլխավոր նպատակ. ի ցույց դնել, որ կլանը միասնական և հզո է, ինչպես նաև «թագադրել» տասնյակ գանգսթերների: Մասնավորպես, «օրենքով գողի» կարգավիճակ է շնորհվելու Ասլան Ուսոյանի ազգականին՝ կրկնակի ազատազրկված «հեղինակությանը», ով հայտնի է «Թիմուր Արխանգելսկի» մականվամբ: