«Պարույր Հայրիկյանն օրը յոթ անգամ կարծիք փոխեց». Արման Մելիքյան

«Սա մկնախաղ է, որին ես չեմ կարող լուրջ վերաբերվել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսպես արձագանքեց նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով երկարաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու երեկվա քայլին:

Արման Մելիքյանն այս ամբողջ գործընթացը բնութագրեց իբրև քաղաքական առևտուր: Թե ում միջև է ընթանում առևտուրը՝ թեկնածուների՞, թե՞ Պարույր Հայրիկյանի և իշխանության, նախագահի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ Բայց, որ առևտուրն ընթացել է, Արման Մելիքյանի համար ակնհայտ է: ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, թե  Պարույր Հայրիկյանն օրը  յոթ անգամ կարծիք փոխեց ՍԴ դիմելու համար, ինչը ևս տարօրինակ է:

Արման Մելիքյանը նշեց, որ իր համար էական չէ այդ դիմումը, կարևոր չէ նաև այն հանգամանքը, թե կհետաձգվե՞ն ընտրությունները, թե՞ ոչ: Արման Մելիքյանը հայտարարեց, որ իր համար առաջնայինը եղել և մնում է ընտրությունների օրինականության հաստատման խնդիրը:

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարին՝ Արման Մելիքյանը նշեց, թե  դա աբսուրդ է: Նա ասաց, որ նախ՝ ինքնաբացարկի հնարավորություն այլևս չկա, և լավագույն դեպքում՝ թեկնածուները կարող են հանդես գալ ընտրողներին ուղղված կոչով՝  քվեարկել հօգուտ որևէ թեկնածուի: Արման Մելիքյանի համոզմամբ, սակայն, դա չի կարող արդյունավետ լինել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածը հաստատ ձայն չի տա Պարույր Հայրիկյանին: Արման Մելիքյանը նկատեց, որ իր համար այդ ամենն ընթացիկ մարտավարական խաղեր են, որոնց նպատակն է՝ հիմնական խնդրից ուշադրությունը շեղել:  Նա նշեց, որ Պարույր  Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր իրականում իշխանության համար են միասնական թեկնածու, պատրաստվում են մասնակցել ընտրություն կոչված թատրոնին և  քայլեր են անում, որոնք ուղղված են չեղած ընտրությունների օրինականացմանը: «Իրենք իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ հավատում են ընտրությունների օրինականացմանը,  պատրաստ են դրանց մասնակցել և ցանկացած արդյունքի հետ կհամակերպվեն: Կլինեն օրինակա՞ն ընտրություններ, թե՞ ոչ, սա է խնդիրը»,- հայտարարեց Արման Մելիքյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իր գործողություններին՝ Արման Մելիքյանը նշեց, որ մինչև փետրվարի 13-ը կսպասի իր պահանջի պատասխանին, կհստակեցնի իր մարտավարությունը և կոչով կդիմի ընտրողներին:

168.am-ի այն հարցին, թե՝ հնարավո՞ր է. որ հանդես գաք բոյկոտի կոչով, Արման Մելիքյանը պատասխանեց. «Ես կոչ չեմ անելու ընտրողներին, որ չգնան ընտրության, ընդհակառակը՝ ես կոչ կանեմ, որ ակտիվորեն գնան և մասնակցեն այդ ընտրությանը»: Թեկնածուն չմանրամասնեց, թե այդ դեպքում ինչ պետք է անեն ընտրողները:

Տեսանյութեր

Լրահոս