ԱՄՆ-ում վրիժառու ոստիկանի մասին տեղեկատվություն հայտնելու համար խոստացել են 1 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ մեկ միլիոն դոլար պարգևավճար է խոստացել նրան, ով կհայտնի նախկին ոստիկանի գտնվելու վայրի մասին, որին կասկածում են Կալիֆոռնիայում երեք մարդ սպանելու մեջ:
Խոսքը գնում է Քրիստոֆեր Դորների մասին, ով ենթադրաբար Ռիվերսայդ քաղաքում հինգշաբթի սպանել է մեկ ոստիկանի և նվազագույնը վիրավորել է ևս մեկ իրավապահի: Բացի այդ, նրան կասկածում են կիրակի Իրվայն քաղաքում կնոջ և մի երիտասարդի սպանության մեջ:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ կասկածյալն ավելի վաղ նամակ է հղել Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտ, ուր նա աշխատել է 2005-2008 թվականներին: Նամակում Դորներն ընդգծել էր, որ ցանկանում է վրեժխնդիր լինել իրեն աշխատանքից հեռացնելու համար: Նամակում Դորները թվարկել էր այն ոստիկանների անունները, որոնց նա մտադիր է սպանել: