Իրանն ու Թուրքիան զարգացնում են հետախուզական ոլորտում համագործակցությունը
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել հետախուզական ու անվտանգության ոլորտում համագործակցությունը: Դա տեղի է ունեցել Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեյնպուրի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ կողմերը հույս են հայտնել, որ անվտանգության ու հետախուզական ոլորտում երկկողմանի հարաբերությունները հետագայում էլ ավելի զարգացում կապրեն: Իրանցի դեսպանն ընդգծել է ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և աջակցություն է հայտնել թուրքական կողմին՝ կապված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ նրա պայքարում:
Հաքան Ֆիդանն իր հերթին մատնանշել է Թուրքիայի ու Իրանի միջև անվտանգության ոլորտում ամուր հարաբերությունները և ցանկություն է հայտնել, որ ընդլայնվեն երկկողմանի հարաբերությունները: