Բաժիններ՝

Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիրները

Րոպեներ առաջ Լոնդոնում ավարտվեց Բրիտանական կինոակադեմիայի BAFTA հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Վերջինիս հաղթողները սովորաբար արժանանում են նաև Օսկարի:

Մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց Բեն Աֆլեկի «Արգո» դրաման: Ռեժիսորական մրցանակը նույնպես բաժին հասավ Բեն Աֆլեկին, ով արդեն այս ֆիլմի համար արժանացել էր բազմաթիվ մրցանակների: Սակայն, զավեշտալին այն է, որ Օսկարի հավակնորդների ցուցակում Աֆլեկի անունը, որպես ռեժիսոր, չկա: Ֆիլմը BAFTA-ի արժանացավ նաև մոնտաժի համար:

Ինչպես և սպասվում էր, լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ ճանաչվեց ավստրիացի ռեժիսոր Միկաել Հանեկեի «Սեր» դրաման, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենուն»: Ի զարմանս շատերի, ֆիլմի գլխավոր դերակատարուհի 86-ամյա Էմանուել Ռիվան դարձավ լավագույն դերասանուհի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող ֆրանսուհուն մարմնավորելու համար: «Լավագույն դերասան» անվանակարգում BAFTA-ի արժանացավ Դենիել Դեյ- Լյուիսը՝ Սփիլբերգի «Լինքոլն» դրամայում ԱՄՆ 16-րդ նախագահին մարմնավորելու համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Քրիստոֆ Ուոլցը («Ջանգո ազատագրված»), իսկ դերասանուհի՝ Էն Հեթուեյը («Թշվառները»):

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, «Թշվառները» մյուզիքլին բաժին հասավ 4 մրցանակ: 2 BAFTA-ի արժանացավ Էնգ Լիի «Պիի կյանքը»:

Քվենտին Տարանտինոն մրցանակ ստացավ «Ջանգո ազատագրված» վեստեռնի սցենարի համար, իսկ Դևիդ Օ. Ռասելը՝ «Իմ ընկերը խելագար է» կատակերգության ադապտացված սցենարի:

Տարվա լավագույն բրիտանական ժապավեն ճանաչվեց Սեմ Մենդեսի «Սքայֆոլը», որը մրցանակ ստացավ նաև երաժշտության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս