Դատարան են տարել Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածներին (տեսանյութ, լուսանկարներ)
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տարել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դատարանի բակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք դատարան են տարվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ առանձին ավտոմեքենաներով:
Այս պահին նշված դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի դռնփակ դատական նիստով լսվելու է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը: Քննչական մարմինը միջնորդում է դատարանին որպեսզի նրանց նկատմամբ որպես խափաման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Երբ կսկսվի դռնփակ դատական նիստը, դեռևս պարզ չէ: Դատարանի վարչական շենքը վերցված է ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: