«Սփրթնած բորտ ուղեկցորդուհիները, կիսամեռ անգլիացին և Րաֆֆի Հովհաննիսյանի մերսումը» (Տեսանյութ)

Վիեննայի օդանավի պատմությունն՝ ականատեսի աչքերով

Մինչ նախընտրական քարոզչական անցուդարձը, ֆեյսբուքում բուռն քննարկումների տեղիք տվեց Վիեննա մեկնող օդանավի ուղևորներից մեկի՝ Տարոն Առաքելյանի գրառումն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաթիռում փրկել է 60-ամյա օտարկերկրացի մի տղամարդու կյանք՝ նրան արհեստական շնչառություն տալով և սիրտը ռիթմիկ մերսելով:

Տարաբնույթ մեկնաբանություններ եղան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի PR-ն էր դա, որ սարքած է և այլն:

Aravot.am-ն այս առնչությամբ զրուցել է այդ միջադեպի անմիջական ականատեսի՝ Գայանե Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ էր կատարվել նոյեմբերի 7-ին Վիեննա մեկնող օդանավում և ինչպես է հաջողվել Րաֆֆի Հովհաննիսյանին, չունենալով բժշկական կրթություն, վերակենդանացնել գետնին անշնչացած ընկած մարդու:

Գայանեի պատմելով՝ «Մենք աղջկաս հետ մեկնում էինք Վիեննա՝ ընկերների մոտ հանգստանալու: Այնպես ստացվեց, որ ինքնաթիռում պատահական նկատեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին, ընդ որում, պարզվեց, որ ինքը նստում էր հենց մեր կողքին՝ մեր շարքում: Երբ ինքնաթիռն արդեն վերելք էր կատարում, այդ պահին դիմացից մի տղամարդ բարձրացավ և փորձեց դուրս գալ այն պահին, երբ ամրագոտիները պետք է կապեինք: Ինքն արձակեց ամրագոտին և դուրս եկավ միջանցք և հենց միջանցքում վայր ընկավ: Այդ պահին բորտ ուղեկցորդուհիները խառնվեցին իրար, սկսեցին բղավել՝ is there a doctor, is there a doctor?: Մինչ նրանք բժիշկ էին ման գալիս, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ծնկաչոք օգնություն էր ցուցաբերում»:

Գայանեն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին մինչ այդ միայն հեռուստատեսությամբ է տեսել և անձամբ չի ճանաչել:

Ականատեսը նկարագրել է, թե ինչպիսի խուճապ է ստեղծվել այդ պահին օդանավում, երբ տեսել են ուշագնաց տղամարդուն. «Բորտ ուղեկցորդուհիները սփրթնեցին՝ բառի բուն իմաստով, չգիտեին ինչ անել: Գոռում էին՝ ինչ-որ մեկը կա՞ իրենց օգնի, բայց մասնագետ չկար, որ օգներ: Մինչ նրանք գոռում էին, Րաֆֆին արդեն օգնություն էր ցուցաբերում, այ դա էր ինձ համար հետաքրքիր, որ նա ծնկաչոք էր: Ես չհասկացա, թե ինչքան տևեց դա: Մարդն ուշագնաց էր՝ առանց զարկերակի, առանց շնչելու և իհարկե, տեղիք կար անհանգստանալու: Պանիկա էր ստեղծվել, բայց Րաֆֆին իրեն չկորցրեց: Երբ որ նա սկսեց անել սրտի մերսում, արհեստական շնչառություն տալ, ես չհասկացա այդ պահին, թե դա ինչքան տևեց, ժամանակի զգացողությունը կորցրել էի: Բայց ի վերջո այդ մարդու զարկերակը սկսեց աշխատել, մարդը սկսեց շնչել: Ժողովուրդը, որ նստած էր սրահում, ոնց որ հոլիվուդյան ֆիլմերում քիչ մնաց վեր կենար, ամրագոտիներն արձակեր և ծափահարեր»:

Անձամբ Գայանեն չի համբերել և մոտեցել, սեղմել է Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը: Ականատեսը պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսնանը միջադեպից անմիջապես հետո գլուխը թեքել և հանգիստ քնել է՝ թույլ չտալով որ մարդիկ մոտենան, իրենց շնորհակալությունը հայտնեն: Միայն մի պահ Գայանեն նկատել է, թե ինչպես են ավստրիացի բորտ ուղեկցորդուհիները երախտագիտությունից շոյել Րաֆֆի Հովհաննիսյանի ուսերն ու ասել՝ «thank you»:

Ինչ վերաբերում է PR անելուն՝ Գայանե Ավետիսյանի խոսքերով՝ «այսինքն, ինքը էդ անգլիացուն գումար էր տվել, որպեսզի ինքը վատանար, ընկներ ու արհեստական մերսումո՞վ այնտեղ զբաղվեր: PR-ն այսպե՞ս են հասկանում, հա՞: Իհարկե, անհեթեթություն է: Անկեղծ էր ամեն ինչն ու շատ բնական»:

Տիկին Գայանեն համոզված է, որ հատկապես կինը ծրագրերով չի ընտրում, բանավեճեր դիտելով չի ընտրում, ընտրում է սրտով ու «եթե այդ մարդը վերակենդանացրեց անծանոթ մի մարդու, ես մտածում եմ, գուցե նման մարդը, լինելով նախագահ, կկարողանա վերակենդանացնել և մեր երկիրը»:

Ի դեպ, ավելի ուշ պարզվել է, որ նույն օդանավում եղել են նաև «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք, սակայն, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, «էկոնոմ կլասսով» չեն ուղևորվել ու մասնակից չեն եղել միջադեպին:

Տեսանյութեր

Լրահոս