Արարատի մարզպետը բացառիկ անկեղծությամբ պատմում է, թե ինչու են իրեն «Լոնդիկ» ասում
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր «Լոնդիկ» մականունն ստացել է ծնված օրից: Ավելին` նա առաջին դասարանում է իմացել, որ իր անունը ոչ թե Լոնդիկ է, այլ` Էդիկ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի Մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Խոսելով իր մականունի նախապատմության մասին, նա ասել է, որ դա իր տատիկի դրած անունն է: «Իմ ծննդյան օրը` 1947թ-ի մայիսի 23-ին, մեր գյուղում առաջին անգամ ավտոմեքենա է եկել, քանի որ ճանապարհները նոր էին կառուցել: Իսկ այդ մեքենայի վարորդը սիրուն սիմպատիչնի տղա է եղել, անունն էլ` Լոնդիկ: Տատս գնացել մորս խնդրել է, որ իմ անունը դնեն Լոնդիկ»,- անկեղծացել է Էդիկ Բարսեղյանը:
Նա նշել է, որ ինքն իրենց տան 3-րդ երեխան է, իսկ հայրն այդ տարիներին «կոլխոզի նախագահն» է եղել: «Անունս դրել են Էդիկ, բայց տատիս խնդրանքին ընդառաջելով Լոնդիկ են ասել: Ավելին` երբ առաջին անգամ գնացի դպրոց, ընթերցեցին Բարսեղյան Էդիկ Սամսոնի ես հաշվի չառա, որովհետև չգիտեի, որ իմ անունն Էդիկ է: Այդ անունից ես ինձ վատ չեմ զգում: Որ գնանք մեր գյուղ, բոլորն ինձ Լոնդիկ են ասում: Ինչու չէ եղբայրս, քույրս ինձ ևս Լոնդիկ են ասում»,- նշել է Էդիկ Բարսեղյանը:
Ի դեպ, նա նաև պատմել է, որ երբ 1991թ-ին ոստիկանության Կապանի բաժնի պետն է եղել, այդ վարորդը, ում անունով իրեն կոչել են, թուրքերի մոտ գերի է ընկել: «Նա մեր հարևան գյուղից էր, Գորիսի շրջանի Բարձրավան գյուղից: Երբ եղբոր տղայի հետ գնացել էր անտառ փայտ բերելու, թուրքերը գողացել էին: Ես շատ չարչարվեցի, որ նրան գտնեմ: Այդ ժամանակ այնտեղից պատանդներ ունեինք և այնտեղի ոստիկանապետին նույնիսկ բարենպաստ պայմաններով առաջարկեցի փոխանակել, բայց, ցավոք սրտի չստացվեց»,- ասել է Էդիկ Բարսեղյանը: