Հայրիկյանն ի՞նչ դիմում է ներկայացնելու ՍԴ
Վաղը` փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դիմում է ներկայացնելու Սահմանդրական դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, Պ. Հայրիկյան մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:
«Հայրիկյանը 15:30-ին կլինի ՍԴ-ում, բայց թե ի՞նչ դիմում կներկայացնի նա՝ դեռ չենք հրապարակում»,- ասաց Կ. Եղնուկյանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Պ. Հայրիկյանը, բացի ընտրությունները հետաձգելու մասին դիմումից մեկ այլ դիմում ներկայացնի ՍԴ: Եղնուկյանը հիշեցրեց, որ ընտրությունները հետաձգելու որոշման վերաբերյալ նախագահի թեկնածուների հետ մասնավոր զրույցներ էին անցկացվել` նախագահական ընտրություններում միավորվելու ու մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ, սակայն, նրա խոսքով, երկխոսությունը չստացվեց:
«Մասնավոր զրույցներից հետո Հայրիկյանը որոշեց բաց տեքստով դիմել թեկնածուներին, սակայն, կարծես այս տարբերակն էլ դեռ չի գործել: Եթե մինչև վաղը թեկնածուները չարձագանքեն՝ Հայրիկյանը կդիմի ՍԴ»,- ընդգծեց նա:
Մեր հարցին, թե թեկնածուներ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը Պ. Հայրիկյանի բաց հայտարարությանը դեռ չե՞ն արձագանքել, Կ. Եղնուկյանը պատասխանեց. «Վերջին տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանից արձագանք չենք ստացել, իսկ Հրանտ Բագրատյանն էլ ասել է` արդեն ուշ է»: