Բաժիններ՝

Ո՞ւր է գյուղնախարարի խոստացած անասնակերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ ձմեռնամուտին խոստացված խոտի հակերն այդպես էլ չհասան Հայաստան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: «Ամիսներ առաջ, երբ ահազանգում էինք, որ հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, ավելին, երբ ասում էինք, որ պետք է արգելել նաև անասնակերի արտահանումն Իրանի Իսլամական Հանրապետություն, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը հանգստացնում էին՝ ասելով՝ շուտով Ղարաբաղից 1 հակը 600 դրամով անասնակեր կներկրենք, և անասնակերի պակաս հանրապետությունում չի զգացվի»,- ասաց Ս. Սեդրակյանը:

Վերջինիս խոսքով, տրված խոստումներից անցել է բավականին երկար ժամանակ, սպառվել է գյուղացիներից շատերի մոտ եղած անասնակերը, որոշ գյուղացիներ ստիպված  մորթում են իրենց անասուններին:

«Անասնակերի դեֆիցիտի պատճառով թանկացել է խոտի հակի վաճառքի գինը (այն դարձել է 2000-2500 դրամ): Դրա հետ մեկտեղ՝ շուկայում վաճառվող մսի գինն է նվազել՝ մարդիկ վճարունակ չեն: Գյուղացին աչքը ճանապարհին՝ օր առաջ սպասում է գյուղնախարարի խոստացած՝ Ղարաբաղից ներկրվող խոտի հակերին, իսկ դրանք չեն երևում: Ինչևէ, կարծում եմ, գյուղացուն չպետք է խոստում տալ և այն չկատարել: Եվ ընդհանրապես, եթե մարդ մեկին մի բան է խոստանում, ապա պետք է իր խոսքի տերը լինի: Այլապես ճիշտը չխոստանալն ու հույսով չանելն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս