Սերժ Սարգսյանին ընտրողների թիվը կպակասի 10-15 հազարով
«Ստոմատոլոգները չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին. նոր օրենքը մոնոպոլիզացիայի է միտված»
«Արտոնագրային վճարների մասին» օրենքը միտված է ստոմատոլոգիայի ոլորտում մոնոպոլիայի առաջացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ստոմատոլոգ Արմեն Վանցյանը:
«Այս քամին ուրիշ կողմից է փչում: Սա միտված է մոնոպոլիզացիայի: Միտումն այն է, որ փակվեն կլինիկաներ, որոշ անձանց կողմից ստեղծվեն խանութների պես ստոմատոլոգիական համացանցեր»,- ասաց նա: Արմեն Վանցյանը նշեց, որ իր ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ Հայաստան են ներկրվել ստոմատոլոգիական աթոռներ, որոնք, ըստ նրա՝ կօգտագործվեն մեծ կլինիկաներ ստեղծելու համար:
Ըստ ստոմատոլոգի՝ այս իրավիճակի արդյունքում կստացվի, որ մեկ բազկաթոռի վրա կարվեն 3 տիպի աշխատանքներ՝ բուժում, ամբուլատոր հեռացում, պրոթեզավորում, ինչը նորմատիվներով անթույլատրելի է. «Տեղի կունենա առաջին հերթին՝ գների աճ, երկրորդ հերթին՝ աշխատանքից կազատվեն կայացած, նորավարտ բժիշկները, կառաջանա 2000-3000-անոց բանակ, որոնք միգուցե կլքեն հանրապետությունը: Մոտ 10.000-15.000 մարդ չի քվեարկի գործող կառավարության օգտին»:
«Այս քայլը ստվերի դեմ պայքարի միջոց չէ: Չեն կարող իրենք բոլոր բազկաթոռների առաջ ներկայացուցիչներ կանգնեցնեն, տեսնեն: կարող է հիվանդը գա, մի ատամը գրանցվի, մյուսները`ոչ»,- ասաց Արմեն Վանցյանը:
«Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ այս քայլը հերթական հարվածն է փոքր բիզնեսին: Ըստ նրա`հաստատագրված վճարները «կործանար» են: