
Արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն՝ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ՝ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի գները մնացել են անփոփոխ:
Հետագա դիտարկումների արդյունքներով՝ 2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում:
Ըստ ԱՆ-ի, դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
ԱՆ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ հանրապետությունում դեղերի գներն ազատականացված են, և ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ ԱՆ-ն ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում է ՏՄՊՊՀ։